Հաստատվել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ հաստատվել են 2023 թվականի երկրորդ կիսամյակի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Սիգի ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը սահմանված է 300 տոննա։
2023 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

«Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» կարգի համաձայն՝

ձկան քաշը պետք է լինի 400 գրամից ոչ պակաս,

սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500մ հեռավորության վրա` բացառելով «Սևան» ազգային պարկի արգելոցային գոտու ջրային տարածքները,

սիգի արդյունագործական որսն իրականացվում է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի),

արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),

արգելվում է ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով Սևանա լիճ մուտք և ելք գործել շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 9-ի N332-Լ հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից, ինչպես նաև ժամային գրաֆիկից դուրս ժամկետներում,

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետը սահմանված է մինչև 2023 թվականի նոյեմբերի 15-ը։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն անձամբ կամ [email protected] էլ հասցեով:




Լրահոս