ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀՈՒՅՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում, որում անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացին, երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարներին։

 

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշել է, որ Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք:

«Իսկ ի՞նչ է խաղաղությունը: Դա մի վիճակ է, երբ  երկրներն ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած: Սա է իրական խաղաղությունը, եւ ինչպես տեսնում եք, այդ ամենը, այսինքն՝ բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը, հնարավոր չեն, առանց ճանապարհների: Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել եւ ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարեւոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կոմունիկացիաների զարգացումն է, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Հայաստանի հարավով եւ հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաեւ արեւելքը արեւմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ եւ արդյունավետ ուղի կդառնար՝ թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային:

Նույնկերպ եւ այդ երկաթուղային եւ ավտոմոբիլային կոմունիկացիաները կարող են Ծոցը Սեւ ծովի, այդ թվում` վրացական նավահանգիստներին կապող արդյունավետ ճանապարհ դառնալ: Այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ ես ցանկանում եմ կառավարությունների, մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այս հնարավորության վրա»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանը հիմա աշխատում է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա՝  հույս  հայտնելով, որ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին:

«Ինչպես ասացի, մենք հույս ունենք Ադրբեջանի հետ առաջիկա ամիսներին ստորագրել խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիր: Հույս ունեմ՝ առաջիկայում նաեւ զարգացումներ կլինեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման ուղղությամբ, որը նույնպես դրական ազդակ կբերի ամբողջ տարածաշրջանին»,- եզրափակել է ՀՀ վարչապետը:

 

 

 

 

 

ԶՈՐԱԿՈՉԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ

Կառավարությունը հոկտեմբերի 26-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2023-ի ձմեռային զորակոչ հայտարարելու եւ զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:

Որոշման մեջ նշվում է. «Հայտարարել հոկտեմբերի 27-ից մինչեւ 2024-ի հունվարի 31-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Մինչեւ 2024 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին:

Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2024թ. հունվարի 8-ից մինչեւ հունվարի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2024թ. հունվարի 31-ը ներառյալ, քանի որ 2021թ. ձմեռային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2022թ. հունվարի 31-ը ներառյալ»:

 

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն:

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել են Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին:

Այցի շրջանակում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

 

 

 

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ստացած պարգեւավճարն ամբողջ ծավալով ուղղելու են բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական խնդիրների լուծման համար»:

 

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ՌԴ-Ն

Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ակնկալում է տեղեկություն ստանալ այն մասին, թե ինչ նկատի ուներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «անվտանգության ոլորտում հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին»։ Այս մասին լրագրողներին ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրել է «ՏԱՍՍ»-ը։

«Այս դեպքում մենք հակված չենք The Wall Street Journal-ն ընդունել որպես սկզբնաղբյուր, ուստի պետք է դեռ հասկանալ, թե ինչի մասին է խոսել պարոն Փաշինյանը։  Եվ, իհարկե, մենք մեր հայ բարեկամների հետ խոսակցությունում ակնկալում ենք ստանալ ամբողջ տեղեկատվությունն այս հաշվով։ Եվ, իհարկե, Ռուսաստանին եւ Հայաստանին հարիր չէ շփվել թերթերի, մանավանդ՝  Wall Street Journal-ի միջոցով, ուստի մենք շարունակում ենք խոսակցությունը, երկխոսությունը մեր հայ բարեկամների հետ եւ կշարունակենք անել դա. մենք շատ լայն օրակարգ ունենք»,- նշել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ ռուսական կողմը շարունակում է ջանքերը, «փորձերը՝ օգնելու Բաքվին եւ Երեւանին այնուամենայնիվ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը»։

«Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ ավելի դրական կենսամակարդակի դուրս գալու համար»,- ամփոփել է նախագահի մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթի հարցազրույցում Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները եւ ՀԱՊԿ անգործությունն «ըստ էության, հանգեցրին մեզ այն որոշմանը, որ մեզ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել մեր հարաբերություններն անվտանգության ոլորտում»։

Փաշինյանը թերթի հարցազրույցում նաեւ նշել էր, որ Երեւանը հարցականի տակ չի դնում ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը Հայաստանից եւ փորձում է «հասկանալ, թե որն է ՌԴ եւ ՀԱՊԿ նման պահվածքի պատճառը աշխատանքային հանդիպումների եւ այլ ձեւաչափերի շրջանակում»։ Հայաստանի վարչապետը ավելացրել էր, որ հանրապետությունը մնում է ՀԱՊԿ-ում, «որովհետեւ այժմ կողմերը գտնվում են դիրքորոշումների ընկալման հարցերի քննարկման փուլում», չեն ցանկանում «սխալվել միմյանց հասկանալու հարցում»։




Լրահոս