ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵՑԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման համար 2024 թվականին նախատեսվում է հատկացնել շուրջ 7,2 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը։

 

Սա, նրա խոսքով, 1,5 տոկոսով ավելի է, քան 2023թ.-ին էր: «6,1 մլրդ դրամ կուղղվի Ազգային ժողովի գործունեությանը, ինչպես նաեւ ներկայացուցչական ծախսերին եւ օրենսդրական աշխատանքներին։ Կադրերի պատրաստման համար կծախսվի 1,3 մլն դրամ, խորհրդարանի դերի բարձրացման համար՝ 50,3 մլն դրամ, միջազգային խորհրդարանական կառույցներում անդամավճարների համար՝ 123,9 մլն դրամ, խորհրդարանական ուժերին աջակցելու համար՝ 520,7 մլն դրամ, տեխնիկական վերանորոգման համար՝ 175,7 մլն դրամ, եւ Ազգային ժողովի շենքի պայմանները բարելավելու համար՝ 191,5 մլն դրամ»,- պարզաբանեց Առաքելյանը։

Նա նաեւ հավելեց, որ 2024 թվականին կավելանան խորհրդարանի տեխնիկական հագեցվածության ծախսերը, ինչպես նաեւ կբարելավվեն բուն շենքի պայմանները։ Խոսքը, մասնավորապես, հեռախոսի եւ ինտերնետի մալուխների, ինչպես նաեւ էլեկտրական ցանցի վերանորոգման եւ փոխարինման մասին է։

Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում վարչության պետ Գրիգոր Մինասյանն էլ հայտարարեց, որ 2024 թվականին Հայաստանի արդարադատության նախարարության կարիքների համար պետբյուջեից կհատկացվի 23,2 մլրդ դրամ։

Ըստ նրա՝ սա 2023 թվականի ցուցանիշներից պակաս է 2,2 մլրդ դրամով։ «Գումարների կրճատումը պայմանավորված է նրանով, որ նախարարությունը չի նախատեսում դատարանների շենքերի կառուցում կամ վերանորոգում»,- պարզաբանեց Մինասյանը։ Դե իսկ Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի պահպանման համար նախատեսում է հատկացնել 844 մլն դրամ, որը 11 մլն դրամով ավելի քիչ է, քան 2023-ին: Այս մասին հայտարարեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

Նրա խոսքով՝ միջոցների 90 տոկոսը ուղղվելու է աշխատավարձերի եւ հավելավճարների վճարմանը։ Մնացած 10%-ը ՍԴ գրասենյակն օգտագործելու է շենքի պահպանման եւ կոմունալ վճարումների համար։

«Աստիճանաբար ավելանում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան դիմումների թիվը։ Սա, իմ կարծիքով, վկայում է դատարանի նկատմամբ վստահության բարձրացման մասին»,- հավելեց Առաքելյանը։

Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ 2023 թվականին Սահմանադրական դատարանը ստացել է 105 դիմում ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից։ Կառավարությունից դատարանը ստացել է 19 դիմում, նախագահից՝ 1, պատգամավորներից՝ 2, դատարաններից՝ 6։

Հարկ է նշել, որ, ի տարբերություն այլ կառույցների, Սահմանադրական դատարանը 2024 թվականի համար պահանջել է 2,1 մլն դոլար, այսինքն՝ 27,5 հազար դոլարով պակաս, քան 2023 թվականին։

 

 

 

ՀԵՌԱՑՐԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը  նոյեմբերի 1-ին վերադառնում է աշխատանքի 3-օրյա արձակուրդից հետո։

Մինչ արձակուրդ գնալը նա հասցրեց պաշտոնից հեռացնել Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին, որը, ըստ նախարարության, առանց որեւէ որոշման մի քանի օրով լքել էր Հայաստանը եւ մեկնել էր Հարավային Ամերիկա։ Այցը ֆինանսավորվել էր տեղի հայկական համայնքի կողմից, սակայն ԿԳՄՍՆ արգելել էր նրան մեկնել՝ պատճառաբանելով ոչ բավարար ֆինանսական միջոցները։ Այցի նպատակն էր թումանյանական շունչն ու ոգին տեղի հայկական համայնքում տարածելը եւ նրանց Թումանյանի վաստակի հետ ծանոթացնելը։

ԿԳՄՍ նախարարությունն առաջին անգամ չէ, որ մշակութային ոլորտում գործողություններ ծավալող անձանց դնում է որոշակի սահմանափակումների եւ արգելանքների դեմ։

Նմանատիպ գործողությունները դատապարտելի են։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս