ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-ից 15-ն ընկած ժամանակահատվածում։

 

Այս մասին հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Խոսելով ամանորյա ձեւավորվման համար ծախսվող գումարի մասին՝ Գրիգորյանն ասաց, որ այս պահին առկա տվյալները խիստ նախնական են, ուստի հիմա թիվ հրապարակել չի կարող, միայն ձեւավորման աշխատանքների ավարտից հետո կարող է թվեր հրապարակել:

Սուրեն Գրիգորյանը միայն նշեց, որ ամանորյա իրերի համար գումար գրեթե չի ծախսվի, կօգտագործվի անցած տարի ձեռք բերված գույքը, միայն կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ են անելու, որպեսզի տոնական միջոցառումները միայն Կենտրոն վարչական շրջանում կենտրոնացված չլինեն, այլ բաշխվեն նաեւ մյուս վարչական շրջաններում, Սուրեն Գրիգորյանն ասաց. «Այդքան էլ ճիշտ չէ, որ բոլոր միջոցառումները Կենտրոն վարչական շրջանում են կենտրոնացված, բայց այն, որ ամենաճոխ հատվածը Կենտրոնում է եղել, դա այդպես է եղել: Մենք պետք է Կենտրոնից կամաց-կամաց տարածվենք դեպի մայրաքաղաքի հեռավոր հատվածներ: Միեւնույն ժամանակ, եթե Կենտրոն վարչական շրջանում է միջոցառումներն արվում, դա միայն տեղի բնակիչների համար չէ, այլ վարչական շրջանների բնակիների համար էլ է: Ի վերջո, գլխավոր տենածառը Կենտրոն վարչական շրջանում է լինում: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, վստահ եմ, որ վարչական շրջաններում էլ միջոցառումներ կլինեն, բայց մեր հեռահար նպատակն այն է, որ տարածվենք ավելի հեռու հատվածներ:

Այս տարի Ամանորի լուսավորությունը իրականացնելիս հիմնականում օգտագործելու ենք նախորդ տարվա ձեռք բերած գույքը»:

Անդրադառնալով անցած տարի Հանրապետության հրապարակում եւ շենքերի վրա կատարված աշխատանքի շուրջ քննարկումներին՝ Գրիգորյանն արձանագրեց, որ, ինչպես խոստացել էին, շենքերի բոլոր անցքերը փակվել են:

«Հաշվի առնելով, որ այս տարի չունենք այն հրատապության հրամայականը, որն ունեցել ենք անցած տարի՝ կապված «Մանկական Եվրատեսիլ»-ի բացման արարողության հետ, այս տարի տոնածառի ամանորյա լույսերը ավելի ուշ են վառվելու։ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականացվելու է մի փոքր այլ ձեւով։ Անցած տարվա պատկերն այս տարի էլ կունենանք, բայց տեխնիկական առումով պատրաստվելու են թեթեւ մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Անցքեր էլի լինելու են, բայց անհամեմատ փոքր քանակի, եւ լինելու են հիմնականում այն անցքերը, որոնք անցած տարի բացվել, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են եւ, ինչպես անցած անգամ, ծրագրի իրականացումից հետո լցվելու են»,- ասաց Գրիգորյանը։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎԵԼ

Կոմիտասում գտնվող Մերգելյան այգում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը երեկ հաստաբուն ու առողջ ծառեր է կտրել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը: «Այս գարնանը սկսեցին Մերգելյանի տարածքից հեռացնել  սրճարանները եւ փոքրիկ կրպակները՝ այն հիմնավորմամբ, որ վերակառուցելու են, ավելորդ շինություններից ազատելու են այդ տարածքը, բայց պարզվեց՝ այդ ամենի նպատակն այն է, որ նոր կառուցապատում այդտեղ իրականացնեն: Այդ տարածքում հին, հաստաբուն ծառեր էին ամբողջությամբ. այն մարդիկ, որոնք օգտագործում էին սրճարաններն ու կրպակները, նաեւ ծառերի համար էին հոգում:

Իրենք դիտավորյալ ամբողջ ամառ չջրեցին, ծառերը միտումնավոր վնասեցին, իբր թե հին է, պետք է կտրեն, բայց նույնիսկ այդ դեպքում հսկայական քանակի ծառ է մնացե: Հիմա շուրջ 30 ծառերի վրա կանաչապատման ՀՈԱԿ-ն այսօր բերել, քաղաքապետարանի որոշում է փակցրել, ու հիմա կտրում են: Կանաչ ծառեր են հաստաբուն, վրաները փակցրել են, որ ենթակա է այս ծառը հեռացման, ու կտրել են»,-ասաց Փոստանջյանը:

Ավագանու անդամը նաեւ պատմեց, որ ոստիկանություն են բերել այգի, որպեսզի թույլ չտան խոչընդոտել իրենց գործը:

«Երբ նկարում էի, ինձ վրա հարձակվեցին, հեռախոսս վերցրին ու թույլ չտվեցին նկարել»,-հավելեց Փոստանջյանը:

Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՍԵՓԱԿԱՆ ՏԱՆԸ

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնի Չարենցի փողոցում մի քաղաքացի  կազմակերպել է սալիկների արտադրություն, սակայն չունի համապատասխան փաստաթղթեր:

Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ ոստիկաններն այցելել են այդ քաղաքացուն: Նա ոստիկաններին ներս է հրավիրել եւ ասել, որ ունի արտադրամաս, սալիկներ է արտադրում եւ իրացնում, բայց առանց փաստաթղթավորման:

Վաղարշապատի ոստիկանները փաստաթղթերն ուղարկել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

 

 

«ԻՋԵՎԱՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ»

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում է ուղարկել՝ պարզելու, թե Տավուշի մարզպետարանի աշխատակազմում մարզի Բերդ, Նոյեմբերյան, Դիլիջան համայնքների քանի բնակիչ է աշխատում։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմում, ըստ հաստիքացուցակի, առկա է 88 հաստիք: Ներկա պահին մարզպետի աշխատակազմում Դիլիջանի, Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջանից աշխատակիցներ չկան»:

Մարզպետի պատասխանից պարզ է, որ Տավուշի մարզպետարանի բոլոր աշխատակիցները Իջեւան համայնքի բնակիչներ  են։ Այսինքն՝ ոչ թե Տավուշի մարզպետարան է, այլ Իջեւանի մարզպետարան։

 

 

 

245 ՄԻԼԻՈՆ՝ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթին Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված 3607 անձանց  կարիքների համար ՀՀ կառավարության որոշումներով նախատեսվել է 264,0 միլիոն դրամ, նոյեմբերի 8-ի դրությամբ ընդհանուր ծախսը կազմել է 245,6 միլիոն  դրամ, որից՝ հյուրանոցային ծախսեր՝ 216,8 միլիոն դրամ, սննդի ծախսեր՝ 27,6 միլիոն դրամ, այլ նպաստներ բյուջեից՝ 1,2 միլիոն դրամ: Մարզպետարանից նաեւ տեղեկացրել են, որ կառավարության աջակցության ծրագրերով Արցախից բռնի տեղահանված անձանցից ներկայումս մարզի հյուրանոցներում, հյուրատներում, հանգստյան տներում եւ այլ օբյեկտներում չեն բնակվում:

 

 

 

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ «ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐԸ»

Վերջերս Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի միջակարգ դպրոցի 8-րդ դասարանում անգլերեն լեզվի գրավոր աշխատանքի ժամանակ ուսուցուհի Ասյա Ավագյանն առանց հիմքի  գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտուհուն կասկածել է գրավոր առաջադրանքի պատասխանները արտագրելու մեջ, գրավոր աշխատանքը խլել է աղջկանից, վիրավորական արտահայտություններ թույլ տվել նրա հասցեին։ Խիստ վիրավորված աշակերտուհին թողել է դասարանը, արցունքն աչքերին՝ գնացել է իրենց տուն։ Այդ միջադեպը քննարկվել է դպրոցի մանկավարժական խորհրդում, որտեղ  Ասյա Ավագյանը հայտնել է, թե այդ աշակերտուհին եւ իր ծնողները  պետք է  իրենից ծնկաչոք ներողություն խնդրեն։ Ասյա Ավագյանը կամայականություններով աչքի է ընկել նաեւ դպրոցի այլ աշակերտների հետ հարաբերություններում: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել՝ պարզելու, թե ինքը տեղյակ է արդյոք Վ. Կարմիրաղբյուրի դպրոցում կատարվածից, ինչ միջոցներ  է ձեռնարկել այդ առթիվ: Մարզպետի պատասխանում նշված է. «Տավուշի մարզպետի աշխատակազմը քաջատեղյակ է Վերին Կարմիրաղբյուրի դպրոցում տեղի ունեցածի մասին եւ իր լիազորությունների սահմաններում ձեռնարկել է բոլոր միջոցները»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս