Հայկ Սարգսյանը՝ իր նախագծի շուրջ բարձրացված աղմուկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ էր դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ ՔՊ պատգամավորի հեղինակած նախագծի՝ այդ անձինք հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո թեժ քննարկումներ սկսվեցին թե՛ հանրության շրջանում, թե՛ հենց իշխանության ներսում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը կրքեր է բորբոքել նաեւ ՔՊ-ի ներսում, և անգամ Սարգսյանի թիմակիցներից շատերը դեմ են նախագծին։

Այս առիթով ArmLur.am-ը զրուցել է պատգամավորի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, ինչու՞ ձեր նախագիծը այսքան աղմուկ բարձրացրեց, անգամ ձեր թիմակիցներն են քննադատում նախագիծը:

-Որևէ քննադատություն չկա, ինձ որևէ մեկը բացասական բան չի ասել նախագծի վերաբերյալ:

Տեղեկություններ կան, որ քննարկումների ժամանակ հենց ձեր թիմակիցները բացասական են արտահայտել նախագծի մասին, անգամ մտադիր են այն ԱԺ-ում չանցկացնել:

-Ինքը դրական օրենք է և շատ կարևոր, որևէ բացասական միտք չի կարող ունենալ, կարող է՝ ինչ-որ մեկը խոսակցության ընթացքում մի բան աել է, բայց անձամբ ինձ ոչ մեկը բացասական բան չի ասել քննարկումների ժամանակ:

Եթե լինեն առողջ քննարկման առաջարկներ, այլ կարծիքներ հնչեն, ես պատրաստ եմ այդ հարցը քննարկել՝ ի շահ մեր պետության:

-Ե՞րբ է նախագիծը մտնելու ԱԺ նիստերի օրակարգ:

-Կառավարությունը քննարկել է, դրական երակացություն է տվել, հուսով եմ կհասցնեն մինչև ամսի 4-ը կառավարությունից ուղարկել ԱԺ և կներառվի քառօրյա նիստերի օրակարգ:

-Վստահ եք, որ երբ գա ԱԺ՝ կողմ են քվեարկելու և ընդունելու են ձեր հեղինակած նախագիծը:

-Այո, թե՛ հանձնաժողովում է դրական եզրակացություն ստանալու, թե՛ ԱԺ-ում:

Ի դեպ, ԱԺ պաշտոնական կայքէջից տեղեկացանք, որ Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը հաջորդ շաբաթ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում ներառված չէ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս