Պապիկյանն ու Ասրյանը փախուստի «մաստեր կլաս» անցկացրին․ ինչպես բանակի պատասխանատուները «ճողոպրեցին»․ «Ժողովուրդ»
Երեկ խորհրդարանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը լրագրողներին պատասխանելու փոխարեն փախուստի իսկական մաստեր կլաս անցկացրին։ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ երկուսն էլ եկել էին Ազգային ժողով՝ ներկայացնելու 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, սակայն ամեն ինչ արեցին, որպեսզի լրագրողների հարցերին չպատասխանեն։ Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը, կարծես, մոռացել էին, որ խորհրդարանը հանրային հաշվետվողականության հարթակ է, ոչ թե մի վայր, որտեղ պաշտոնյաները կարող են հայտնվել, բյուջե ներկայացնել ու տարբեր դռներով ճողոպրել՝ առանց հանրությանը հուզող հարցերին պատասխանելու։ Սուրեն Պապիկյանի՝ լրագրողներից խուսափելու գործելաոճն արդեն վաղուց նորություն չէ։ Տարիներ շարունակ նա նախընտրել է փակ հանդիպումներ կազմակերպել լրագրողների հետ՝ երբեմն փոքրիկ-մոքրիկ տեղեկություններ հաղորդելով, իսկ վերջին տարիներին, կարծես, ընդհանրապես որոշել է լրագրողների հարցերից հեռու մնալ։ Նա խուսափում է ոչ միայն կառավարության նիստերից հետո լրագրողների հետ շփվելուց, այլև առավելագույնս փորձում է շրջանցել խորհրդարան այցելությունների ժամանակ նրանց հարցերին պատասխանելու:
Ստուգել են անգամ տան «լուկն ու պադվալը»․ մանրամասներ՝ Սամվել Կարապետյանի տան խուզարկությունից․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները Սամվել Կարապետյանի տունը խուզարկելու ժամանակ տան անդամներին հայտնել են, թե ինչքան դուռ կա, պետք է բացեն։ Արդյունքում Կարապետյանի առանձնատան ներսի բոլոր դռները բացել են, ու իրավապահները խուզարկել։ Տանից տարել են հեռախոսները, համակարգիչներ ու այլ թղթեր։ Ասել է, թե անգամ տան ներսի «լուկն ու պադվալն» էլ անգամ բացել են ու խուզարկել։ Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու և արդյունքում ՓԲ ընկերությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս հասցնելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթով 65 բնակարաններում և ընկերությունների գործունեության հասցեներում իրականացնում են միաժամանակյա խուզարկություններ։
Ճոխ քարոզարշավ, բայց թույլ դիրքեր․ Վահրամ Գևորգյանը փորձում է գրավել Սևանը․ «Ժողովուրդ»
Նոյեմբերի 29-ին Սևան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ համայնքապետի թեկնածուներից մեկը՝ գործարար Վահրամ Գևորգյանը, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, բավականին ճոխ և ծախսատար քարոզարշավ է կազմակերպել։ Հիշեցնենք՝ Գևորգյանը Ծովագյուղի նախկին համայնքապետն է, որը տարիներ շարունակ պայքարում էր Ծովագյուղը Սևանին միավորելու դեմ։ Սակայն համայնքների խոշորացումից հետո իրավիճակը փոխվել է, և այսօր Գևորգյանն արդեն հավակնում է ղեկավարել հենց Սևան խոշորացված համայնքը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գևորգյանը քարոզարշավն արդեն մեկնարկել է՝ ընտրողներին ներկայանալով բավականին մեծ ֆինանսական ներդրումներով։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ նրա քարոզարշավի պաստառների հետ կապված՝ մարդկանց համար հատուկ հագուստներ են ձեռք բերվել՝ հաշվի առնելով նաև քվեաթերթիկում նրա ընտրական համարը։ Քարոզարշավի ընթացքում էլ ակնհայտ է եղել, որ թեկնածուն մեծ գումարներ է ներդնում՝ ընտրողներին իր կողմը գրավելու համար։ Սակայն, որքան էլ Գևորգյանը ջանք ու գումար է ներդնում քարոզարշավի մեջ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին նրա դիրքերը դեռևս այնքան ամուր չեն, որքան գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի դիրքերը։
«Հրապարակ»․ Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար
ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն ու Դոնալդ Թրամփի դիրքերի սասանումն ահուդող է գցել ՀՀ իշխանությունների սիրտը, որ գուցե չեղարկվի ԹՐԻՓՓ համաձայնագիրը։ Երեկ խորհրդարան է հրավիրվել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, որի հետ մի խումբ ՔՊ-ականներ են հանդիպել եւ, մեր տեղեկություններով, խնդրել են փարատել իրենց կասկածներն ու մտահոգությունները։ Խորհրդարանի պաշտոնական կայքում այս հանդիպումից հետո տեղ գտած հաղորդագրության մեջ եւս անդրադարձ կա ԹՐԻՓՓ-ին։ «Արժեւորվել է օրեր առաջ Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։
«Հրապարակ»․ Կմասնակցի Երեւանի ընտրություններին
Մինչ իրավապահները զբաղվում են ՔՊ-ական նախկին պատգամավոր Շիշ բռնողով՝ Հայկ Սարգսյանով, Սարգսյան եղբայրները, ըստ նրանց մոտ կանգնած մեր աղբյուրի, ակտիվ նախապատրաստվում են Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին։ Նրանք այժմ թիմ հավաքագրելու ճանապարհին են եւ խոստանում են, որ ոչ մի դեպքում «զադնի չեն դնելու»։ Թե ով է լինելու քաղաքապետի նրանց թեկնածուն, մեր աղբյուրը հստակ պատասխան չունի, ենթադրվում է, որ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը կլինի, որը վերջին ժամանակներում մայրաքաղաքի խնդիրներն ակտիվ վերհանելով է զբաղված եւ բավականին մեծ լսարան է հավաքել։




























