ԵՐԲ ԱՎԱՐՏՎԵՑ ՆՈՐ ՏԱՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեռ չեմ մտածել Ամանորին պատրաստվելու մասին, քանի որ շատ հարցեր ու խնդիրներ կան, ու տրամադրություն չկա Նոր Տարի նշելու: Երեւի այն մեզ համար սովորական մի օր կլինի»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Գայանե Ենգիբարյանը։

 

Գայանեն հիշում է, որ մինչեւ Արցախի կիսվելը մեծ ուրախությամբ էին դիմավորում Նոր տարին: Փորձում էին՝ ամեն տարի տարբերվող լինի թե՛ սեղանի առատությամբ, թե՛ տան ու տոնածառի զարդարանքով: Պատերազմից հետո՝ 2021թ., շատ համեստորեն դիմավորեցին. ասում է՝ ամբողջ քաղաքն այդ օրերին լուռ ու անզարդ էր:

«2020 թվականից հետո, երբ վերադարձանք Ստեփանակերտ, դեռ քաղաքը քարուքանդ վիճակում էր, ամենուր որոնողափրկարարական աշխատանքներից իմանում էինք, որ ինչ-որ մեկի աճյունը կամ մարմնի մասունքը համընկել է ծնողի, որդու ԴՆԹ-ի պատասխանի հետ: Այդ պայմաններում, անտեսելով հարեւանի կամ հարազատի վիշտը, ու ասել, որ ես Նոր տարի եմ նշում, թեկուզ միայն երեխաների համար, միեւնույնն է, ճիշտ չէր լինի: Այդ իսկ պատճառով այդ տարի ոչ միայն մենք, այլեւ բոլոր արցախցիները Նոր տարի չնշեցին: 2022թ., 2023թ. փորձում էինք ընդամենը երեխաներին ուրախացնել: Կարծում եմ՝ Նոր տարին մեզ համար ավարտվեց 2020 թվականին»,- ասում է մեր զորուցակիցը:

Մեր զրուցակիցը պատմում է, որ երեխաները դեռ լիիրավ չեն պատկերացնում իրավիճակը, եւ նրանց մոտ այն զգացողությունն է, որ սովորական այցելություն է Երեւան:

«Երեխաներս այն զգացողությունն ունեն, որ երբ ուզենք, գնալու ենք Արցախ՝ մեր տուն: Ձմեռ պապիկին դեռ սպասում են ու արդեն հասցրել են նամակ-ցանկություն գրել: Ցանկություններից մեկն էլ Արցախ վերադառնալն էր»,- ասում է տիկին Գայանեն:

Գայանեն այժմ իր 4-հոգանոց ընտանիքով բնակվում է քաղաք Երեւանում՝ մեկ սենյականոց բնակարանում: Պայմաններից չի բողոքում, ասում է՝ թեեւ Ստեփանակերտում ամեն մեկն ուներ իր առանձին անկյունը, բայց հիմա մի սենյակում ավելի ուրախ ու համերաշխ են:

 

 

 

 

ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

85-ամյա Ջեյն Ֆոնդան նախընտրում է ավելի երիտասարդ սիրեկանների: «Օսկարի» դափնեկիրը հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե նորից ժամադրության գնա, ապա տղամարդը պետք է 20 տարեկանից ոչ մեծ լինի։

«Ես ամաչում եմ ասել սա, բայց եթե ես սիրեկան ունենայի, նա պետք է լիներ 20 տարեկան»,-Հիզեր Մաքմահանի «Բացարձակապես ոչ» փոդքաստում ասել է Ֆոնդան:

«Ինչո՞ւ հենց 20»,-հարցրել է Մաքմահանը, իսկ դերասանուհին պատասխանել է հումորով. «Որովհետեւ ինձ դուր չի գալիս ծեր մաշկը»:

Ֆոնդայի խոստովանությունը համացանցում հակասական արձագանքների է արժանացել: «Ջեյն Ֆոնդան կարող է դա ասել»,-նշել է օգտատերերից մեկը: «Ես սիրում եմ այս կնոջը. այնքան ազնիվ է եւ ծիծաղելի»,-գրել է մեկ ուրիշը։

Բայց ոչ բոլորն են գնահատել աստղի անկեղծությունը: «Քսա՞ն: Ես նրանից կրկնակի երտասարդ եմ, բայց կարծում եմ՝ 20-ը շատ փոքր է իմ տարիքի համար»: «Սա չպետք է լինի նորմալ»,- նշում են որոշ վրդովված օգտատերեր:

 

 

 

 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին հերթական անգամ ուշադրության կենտրոնում են իրենց ծավալուն հանդերձանքով։ Հայտնի զույգը, ինչպես երեւում է, հարաբերությունների կարճատեւ  դադարից հետո տեղափոխվել է Դուբայ:

Դիզայներ Ամինա Մուադդիի հետ համատեղ pop-up խանութի բացման ժամանակ Բիանկան ներկայացել է երկար թեւերով շագանակագույն միկրո զգեստով՝ տեսքը լրացնելով հսկայական մորթյա գլխարկով եւ փափուկ խաղալիքով, որը սեղմել է կրծքին։

Քանյեն կրում էր ամբողջովին սեւ անսամբլ՝ կաշվե վերարկու եւ համապատասխան կոշիկներ:

Բիանկայի անկեղծ հանդերձանքը նրա վերջին աչքի ընկնող կերպարներից մեկն է, սակայն շոուն «գողացել է» նրա մորթե գլխարկն ու փափուկ խաղալիքները:

Բոլորովին վերջերս խոսվում էր այն մասին, որ ռեփերը խզել է հարաբերությունները Բիանկայի հետ Մելբուրն կատարած ուղեւորությունից հետո, որտեղ Սենսորին ժամանակ էր անցկացնում իր ընկերների եւ ընտանիքի հետ, իսկ Քանյեն իր դստեր՝ Նորթի հետ Դուբայում էր:

«Բիանկան Դուբայ է ժամանել մի քանի օր առաջ»,-Us Weekly-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Քանյեն ասել էր՝ եթե նա չգնար այնտեղ, իրենց հարաբերությունները կավարտվեին:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐՆԵՐԸ

ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն, ընդհանուր առմամբ, ունի 7 ներկայացուցիչ:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ`  դեկտեմբեր ամսվա տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայկ Մարտիրոսյանը 54-րդն է, Գաբրիել Սարգսյանը` 61-րդը, Սամվել Տեր-Սահակյանը` 97-րդը, Հրանտ Մելքումյանը 100-րդը:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը 25-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 56-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 75-րդ, եւ Աննա Սարգսյանը` 85-րդ տեղերը:

 

 

 

ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՓՅՈՒՆԻԿՆ» Է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է հերթական տուրից հետո:

«Ժողովուրդ» օրաթերթի հաղորդմամբ` հայկական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ունի 46 միավոր:

10-ը միավորով հետ է «Նոա»-ն, որը մրցաշարային աղյուսակում երկրորդն է: Եվ եռյակը նույնքան` 36 միավորով, եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն:

34 միավոր ունի «Ուրարտու»-ն: 30 միավորով 5-րդ տեղում «Ալաշկերտ»-ն է: Մրցաշարային աղյուսակի վերջնամասում հաջորդաբար գտնվում են «Արարատ»-ը, ԲԿՄԱ-ն, «Շիրակ»-ը, «Վեստ Արմենիա»-ն եւ «Վան»-ը:

 

 

 

 

ԲՌՆՑՔԱՄԱՐՏՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԸ

Երեւանի «Միկա» մարզահամալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ապահովել են 10 մեդալ:

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ քառորդ եզրափակիչների արդյունքներով աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), տղաների հավաքականից՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) եւ Տիգրան Խաչատրյանը (+80 կգ)։

Նշենք՝ եզրափակիչները նախատեսված են դեկտեմբերի 3-ին եւ 4-ին:

 

 




Լրահոս