Չեն նշել Մինաս Ավետիսյանի 85 -ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալե քաղաքում փետրվարի 20-ին ներկայացվեց «Մինաս և Նարեկ Ավետիսյան մոդեռնը և ավանգարդը Հայաստանում»լայնածավալ ցուցահանդեսը, որը գործելու է մինչև մայիսի 4-ը:

Ցուցահանդեսին և գեղանկարչությանն առնչվող հարցերի շուրջ Armlur.am-ի թղթակիցը  զրուցեց արվեստագետ Նարեկ Ավետիսյանի հետ:

-Ցուցահանդեսը կազմակերպել էր «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը ` համագործակցելով Մորիցբուրգ արվեստի թանգարանի հետ: Ի դեպ, նույն հիմնադրամը իմ ու նաև բազմաթիվ այլ ցուցահանդեսների կազմակերպիչն է, մեծ ներդրում ունի Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսի կազմակերպման, պատկերագրքի տպագրման, որմնանկարների փրկության գործում: Եվրոպական նման թանգարանում այդքան մեծ ժամանակահատված ցուցահանդես ներկայացնելը պատվաբեր է. այնտեղ նախօրոք մինչև երեք տարվա նախագծեր, հերթագրվածներ կան: Անցյալ տարի Մինաս Ավետիսյանի 85-ամյակն էր, և ցավալի է, որ Հայաստանում պետականորեն առ այսօր այն չի նշվել, բայց ուրախալի է, որ առաջին նման իրադարձությունը տեղի ունեցավ Եվրոպայում `  շատ բարձր մակարդակով,- ասաց Նարեկ Ավետիսյանը:

-Ի՞ նչ արձագանքներ կան:

-Շատ հետաքրքրված են ընդհանրապես ցուցահանդեսով, Հայաստանի ժամանակակից արվեստին, կարելի է ասել, ծանոթ չեն: Մինաս Ավետիսյանի մասին հատուկենտ մարդիկ գիտեին` շատ խորացած մասնագետներ: Եվ հանրությունը հնարավորություն ստացավ ծանոթանալու պատմական ժամանակաշրջանների հետ. Մինասը `  որպես 60-70-ականների հայ նկարչության վերելքի կարևոր կերպար, արվեստագետ, և ես` որպես անկախ Հայաստանի առաջին ավանգարդիստական սերնդի ներկայացուցիչ: Ի դեպ, ժամանակակից արվեստի թանգարանում գտնվող Մինասի ամենահայտնի կտավը ` «Ջաջուռը» մեր սեփականությունն է, բայց նույնիսկ չտվեցին, որ տանենք, Գերմանիայում ցուցադրենք… Ու նաև մեկ այլ նկար:

-Մեր ժամանակներում ի՞ նչ դժվարությունների է հանդիպում նկարիչը:

-Մեր հայրենիքում մշակութային քաղաքականությունը սխալ է կամ ընդհանրապես չի տարվում: Պետական կառույցները չեն ցանկանում որևէ մասնակցություն ունենալ ցուցահանդեսների կազմակերպման և այլ հարցերում: Օրինակ ` նրանք հոգացել են միայն Մինաս Ավետիսյանի գործերի ապահովագրության և տեղափոխության ծախսերը, մնացած ծախսերի մի մասը ընտանիքն է հոգացել, մյուս մասը ` հիմնադրամն ու գերմանական կողմը: Համապատասխան կառույցներ, պետական հովանու ներքո արվեստի կենտրոններ չեն ստեղծվում: Չկան էքսպերիմենտներ անող, կայացման ձգտող երիտասարդներին ձեռք մեկնող կենտրոններ, միայն ՆՓԱԿ-ը չի բավարարում: Մասնավոր պատկերասրահներն էլ մեծ տուրքեր են վճարում… Մի խոսքով ` կարծես ամեն ինչ արվում է ի վնաս արվեստագետի: Եվ ոչ միայն գեղարվեստի բնագավառում:

-Ինչպե՞ ս է պահպանվում ՁԵր հոր ժառանգությունը, Ջաջուռի տուն-թանգարանն ի՞ նչ խնդիրներ ունի:

-Ջաջուռի `  Մինաս Ավետիսյանի թանգարանը անդադար խնդիրներ ունի, ու եթե տնօրենը ավագ եղբայրս չլիներ, երևի ոչ ոք չէր համաձայնվի այնտեղ աշխատել. տրանսպորտով չեն ապահովում, աշխատավարձը չնչին է, սիմվոլիկ, ցանկացած մանրուքի համար պետք է դիմել տարբեր ատյաններ, դեռևս պրոֆեսիոնալ ձևով չի լուծված ջեռուցման խնդիրը: Եվ ամենակարևորը. տուն-թանգարանը զբոսաշրջության ծրագրում չկա `  մինչդեռ այնտեղ դիտելու շատ բան կա: Մասնավորապես, այնտեղ է գտնվում մի եզակի փրկված որմնանկար `  «Թորոս Ռոսլինի ծնունդը» և կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, այլ նյութեր, արխիվից հանված լուսանկարներ… Ժամանակին ես էլ եմ օգնել եղբորս, ցուցահանդեսներ ենք կազմակերպել, որոնք չեն ֆինանսավորվել պետականորեն: Փառք Աստծո, գոնե Մինաս Ավետիսյանի որմնանկարները իտալացի մասնագետները վերականգնում են, համարյա բան չմնաց:

Հարցազրույցը `  Ռուսլան Թաթոյանի

 




Լրահոս