Երբ այդ օրը գա, ես ցավով չեմ տանի. Լոռու նորանշանակ մարզպետը՝ իր նշանակման և ՔՊ-ին անդամակցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ հունվարի 18-ին Լոռու մարզպետ նշանակվեց Արամ Ղազարյանը:

Արամ Ղազարյանը 2016-ից եղել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, ապա նույն պաշտոնը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզում, իսկ հետ՝ մինչև անցած տարի, Շիրակի մարզում ղեկավարել է Ոստիկանության մարզային վարչությունը։ Այնուհետև նա նշանակվել է Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։

ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Արամ Ղազարյանին:

-Պարո՛ն Ղազարյան, նախկին մարզպետ Արամ Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ փնտրտուքների մեջ էր, մարզպետի թեկնածու չէր գտնում: Ինչպե՞ս ընտրությունը հենց Ձեզ վրա կանգ առավ:

-Այնպես չէ, որ երկար ժամանակ փնտրտուքների մեջ են եղել, եթե ժամանակային առումով նայեք, այդքան էլ երկար ժամանակ չի անցել, այնպես չէ, որ ցանկացած պաշտոնի նշանակում հենց հաջորդ օրը լինում է: Իսկ թե ինչո՞ւ են կանգ առել հենց իմ թեկնածության վրա, դրա համար կա ղեկավարություն, հարմար են գտել որ հենց ես լինեմ մարզպետ՝ գուցե հաշվի առնելով իմ աշխատանքային փորձը և մարզում աշխատած տարիները:

-Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում մարզպետերի պաշտոնանկության շքերթ է սկսել. այցելում է մարզեր, դժգոհում մարզպետների աշխատանքից ու հեռացնում նրան: Մտավախություն չունե՞ք, որ որոշ ժամանակ հետո հերթը Ձեզ էլ կհասնի:

-Ես ամեն ինչ անելու եմ՝ իմ աշխատանքը պատվով կատարեմ, իսկ պաշտոնանկության մասով ցանկացած պետական պաշտոնյա մի օր նշանակվում է, մի օր՝ ազատվում: Երբ այդ օրը գա, ես ցավով չեմ տանի:

-Պարո՛ն Ղազարյան, ինչպես նկատում ենք՝ իշխանությունը նոր քաղաքականություն է որդեգրել՝ պաշտոնների նշանակում է նրանց, ովքեր ՔՊ կուսակցության անդամ են հանդիսանում: Դուք ՔՊ անդամ չեք, պատրասվո՞ւմ եք կուսակցության անդամ դառնալ

-Նմանատիպ առաջարկ չի եղել, երբ լինի, անպայման կտեղեկացվեք։

-Լոռի կատարած իր վերջին այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ թերություններ արձանագրեց մարզում, ինչի պատճառով էլ նախկին մարզպետին պաշտոնանկ արեց: Ինչպե՞ս եք այդ թերությունները շտկելու:

-Ցանկացած դժգոհություն շտկում են բարեխիղճ աշխատանքով ու նվիրվածությամբ:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս