![](https://armlur.am/wp-content/uploads/2024/02/1846441350_0_0_3679_2048_1440x900_80_0_1_3f06da6726b29b92a9d1583cb5e22145.jpg.webp)
Սիրիայի արևելքում ԱՄՆ ավիահարվածները հանգեցրել են զոհերի ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների շրջանում, և մեծ վնասներ հասցրել պետական և մասնավոր գույքին, ասվում է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
«Ամերիկյան օկուպացիոն ուժերն այսօր անթաքույց օդային ագրեսիա են իրականացրել արևելյան Սիրիայի մի շարք դիրքերի և քաղաքների դեմ և սիրիա-իրաքյան սահմանների մոտ, ինչի հետևանքով զոհվել են մի շարք խաղաղ բնակիչներ և զինվորականներ, կան վիրավորներ, մեծ վնաս է հասցվել հասարակական և մասնավոր գույքին»,-ասված է հայտարարության մեջ։
Սիրիայի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հարվածները «ոչ մի արդարացում չունեն և փորձ են թուլացնելու սիրիական բանակի և նրա դաշնակիցների հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարում»։
Շաբաթ գիշեր Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում՝ Հորդանանում իր ռազմակայանի դեմ պատասխան հարվածների շրջանակներում: