«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԵՐԿԻՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը սոցցանցի իր էջում գրել է.

 

«Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը, վստահ էի, որ կբացվի, ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։

Վարչապետի մասնակցությամբ թիվ 22 թողարկման մասին Բարեղամի հետ երկար ենք խոսել ու եկել ենք այն եզրակացության, որ առաջիկայում նա կկենտրոնանա լուրերում իր աշխատանքի վրա, կանի այն, ինչն իսկապես գերազանց է անում, իսկ հարցազրույցների ժանրին կվերադառնանք, երբ զգանք, որ պատրաստ է։

Հազիվ եմ համոզել, որ աշխատանքից ազատվելու դիմումը հետ վերցնի։

«Անվտանգային միջավայր» հաղորդումը հետայսու այլ մարդ կվարի։ Դեռ չգիտեմ՝ ով։

Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։

Հիմա բուն տեղի ունեցածի մասին։

Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։

Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, եւ որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։

Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը:

Տրամաբանական մտավարժանքի տեսանկյունից երկու եզրահանգումներն էլ անխոցելի են ու հավասարապես ճիշտ։ Բայց սա շտեմարանային խնդիր չէ։

Թուրքերը կոտորում են հայերին։ Եկեք դադարենք լինել հայ, որ էլ չկոտորեն։

Առնվազն մեզ առաջարկվել է խորհել այդ մասին, որովհետեւ Հռչակագիրը, օրհներգը, զինանշանը եւ հաղորդման ընթացքում կասկածի տակ առնված մնացած բաները քաղաքական մեր ինքնության հիմքն են։

Նույն հաջողությամբ, օրինակ, սովի պայմաններում կարելի է մարդկանց առաջարկել դադարել լինել մարդ։ Առնվազն խորհել սովի պայմաններում մարդակերության նպատակահարմարության շուրջ։

Ուղղակի երջանիկ կլինեի, եթե իմանայի, որ սա էլ խաղ է՝ մանեւր ժամանակ շահելու եւ ուժեղանալու համար։ Բայց ինչպե՞ս ենք մենք օգտագործել արդեն շահած ժամանակը։ Ինչպե՞ս ենք մենք օգտագործել անմարդկային ջանքերի, համազգային նվաստացման,

2021-ին՝ Իշխանասարում,

2022-ին՝ Կապանում, Ջերմուկում ու Վարդենիսում,

2023-ին Արցախում

զոհված ավելի քան 400 տղաների ու աղջիկների արյան եւ հարյուր հազար արցախցիների սկզբից սովի մատնվելու, ապա բնավեր լինելու գնով ձեռք բերված անգին այս երեք տարիները։

Շատ հեշտ է, գիտեք, ոչինչ չանել, իսկ հետո ասել, թե ցլերն ուժեղ են։ Եկեք հանվենք։ Գուցե այդպես նրանք մեզ ոտատակ չտան:

Հնդկական ու ֆրանսիական զենքի մատակարարումները, զինվորականների աշխատավարձերի բարձրացումը, ատեստացիան, «Պաշտպան հայրենյացը», վարժական հավաքները որպես այդպիսին, իրենք իրենցով, կոնտեքստից ու ժամկետներից դուրս բացարձակապես գերազանց են ու անվերապահորեն շլացուցիչ։

Իսկ կոնտեքստի ու ժամկետների մե՞ջ։

Որքանո՞վ է այդ ամենը լուծում վաղը կամ գուցե կես ժամից երկու ճակատով ներխուժման խնդիրը։

Մենք բոլորս տեսել ենք, թե ինչպես էր հնարավոր 92-94 թվականներին երկու տարվա մեջ պատերազմին զուգահեռ ոչ մի բանից բանակ ստանալ։

Ինչո՞ւ սա հնարավոր չէր հիմա՝ վերջին երեք տարիներին։ Մանավանդ, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ լավ ծեծ կերած էինք, բայց այնպես էլ չէր, որ բացարձակ 0 էինք, ինչպես 91-92-ին։

Վերացականանք աշխարհաքաղաքական կոնտեքստից։ Խոսքը զուտ բանակաշինության ու ավելի լայն իմաստով պետականաշինության տեմպերի ու, որ ամենակարեւորն է, փիլիսոփայության մասին է։

Հռչակագիրը, 3-րդ հանրապետությունը, օրհներգը, պատմական արդարությունը, զինանշանը ու մեր հաղորդման ժամանակ կասկածի տակ առնված այլ բաները մեղավոր չեն, որ մենք չենք կարող լինել սովորական երկիր, իսկ մեր իշխանությունը սովորական երկրի իշխանություն է, ու գուցե նույնիսկ հաջողեր Արեւելյան կամ Կենտրոնական Եվրոպայի երկրներից որեւէ մեկում, որի գոյության իրավունքը որեւէ մեկի կողմից երբեք չի վիճարկվել ու հիմա էլ չի վիճարկվում։

Մեր դեպքն այլ է, ու մեր զինանշանը, օրհներգը, հռչակագիրը… մեր ինքնությունը կրում են այդ այլությունը եւ ձեւակերպում այլեւս երբեք ցեղասպանված չլինելու մեր միակ պետական նպատակը։ Մնացածն ածանցյալ է, ու պետք չէ պատճառներն ու հետեւանքները տեղերով փոխել։

Հայաստանը չի կարող լինել սովորական երկիր, որի հերոսը լինելու համար հերիք է բարեխիղճ հարկատու լինել։

Ռաֆայել Լեմկինը՝ «ցեղասպանություն» բառի հեղինակը, իր առաջարկած եզրույթը հետեւյալ կերպ է սահմանում? «Ցեղասպանությունը տարաբնույթ գործողությունների ներդաշնակված ծրագիր է՝ ուղղված ազգային խմբերի գոյության համար կենսականորեն կարեւոր հիմքերի ոչնչացմանը եւ այդ խմբերի ոչնչացմանը որպես այդպիսին»։

Արդյոք հայ անունը կրող ազգային խմբի գոյության համար կենսականորեն կարեւոր հիմքեր չե՞ն Հռչակագրի, Զինանշանի, Օրհներգի խորհուրդներն ու պատմական արդարության զգացողությունը։

Բայց այդ հիմքերով, թե առանց դրանց, մեր հետեւից, միեւնույնն է, գալու են, ինչպես նացիստները եկան անգամ հավատափոխ հրեաների հետեւից։ Այնպես որ, բնավ ավելորդ չէր լինի վերջին երեք տարում գոնե վառոդ արտադրել սովորել։

Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում հաղորդման համար, որն անկասկած պիտի ավելի որակյալ լիներ։ Կջանանք դառնալ ավելի լավը։

Հարգանքով՝

Գարեգին Խումարյան

Գործադիր տնօրեն

Հայաստանի հանրային ռադիո»:

 

 

 

«ՀԱՅԱՔՎԵ»-Ն՝ ՆՈՐ ՓՈՒԼՈՎ

Փետրվարի 6-ին «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը կհայտարարի Սահմանադրական շարժում ձեւավորելու եւ պայքարի քայլերի մասին՝ ուղղված ՀՀ Անկախության հռչակագրի եւ Մայր օրենքի պահպանմանը։

Բացի սա, ԱԺ-ում այս շաբաթ կքննարկվի նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին:

Հայտարարության նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է:

Հիշեցնենք, որ խորհրդարանը դեկտեմբերի 5-ին մերժել էր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար:

 

 

 

ԿԱ՞ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՎՏԱՆԳ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը երեկ անդրադարձավ ԱՄՆ դեսպանատան այն հայտարարությանը, որով դեսպանատունը զգուշացում էր տարածել Հայաստանում գտնվող իր քաղաքացիների անվտանգության ու տեղաշարժի համար:

«Ցանկացած պարագայում ամենավտանգավոր բանը տեղեկատվությունը կիսատ-պռատ ներկայացնելն է. ԱՄՆ-ն տարբեր երկրներում համապատասխան security alert-ներ են տալիս, եւ եթե ուշադրություն դարձնեք նախորդիվ տված alert-ներին, սա ռեժիմի մեղմացում էր որոշակի տարածքների համար: Ոչ թե ինչ-որ նոր վտանգի գաղափար կար, այլ ընդհակառակը՝ ռեժիմի դյուրացում կար որոշակի հատվածների վերաբերյալ: Այսպիսի հայտարարություններ պարբերաբար արվում է ԱՄՆ դեսպանության կողմից, պարզապես պետք է համադրել նոխորդիվ արվածի հետ: Շատ քաղաքացիներ դիմում են ինձ այս հարցով, երեւի թե այստեղ կոմունիկացիան շատ ավելի կարեւոր է, որ մենք հստակ հասկանանք, որ սա սովորական պրակտիկա է: Մենք չենք հետեւում, բայց եվրոպական երկրների հետ կապված էլ շատ դեպքերում նման հայտարարություններ լինում են:

Օրինակ՝ ասվում է՝ խուսափեք լինեն այս քաղաքում, որովհետեւ այնտեղ նախատեսվում են հանրահավաքներ կամ գործադուլներ: Սա տարածված պրակտիկա է: Բայց քանի որ մեզ մոտ շատ զգայուն է ցանկացած անվտանգային հարց, այս հարցն էլ զգայուն է ընկալվում»,- ասաց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե կա արդյոք նոր էսկալացիայի վտանգ, որը կապ ունի դեսպանատան հայտարարության հետ։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 




Լրահոս