ՊԵՏՔ Է ՀԱՄԱՅՆՔ-ՀԱՄԱՅՆՔ ԱՆՑՆԵԼ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության 4 համայնքներում 500 միլիոն դրամի չափով մասնակցային  բյուջետավորմամբ ձեւավորված  սուբվենցիաների փորձնական ծրագիրը նախապատրաստական փուլում է։

 

Այս մասին  հայտնեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ բյուջեում համապատասխան հատկացումն արդեն արված է, եւ նախապայման է դրված նույն բյուջետային տարվա ընթացքում ավարտել այդ ծրագրերը։

«Իրականության մեջ մեր սուբվենցիոն ծրագրերը մասնակցային բաղադրիչ են: Որպես կանոն, համայնքներն այս ծրագրերը պետք է մեզ ուղարկեն այն դեպքում, երբ համայնքում հանրային լսումների նման քննարկումներ են տեղի ունեցել, եւ, այսպես ասած, կազմվել է համայնքի տվյալ տարվա բյուջեին բնորոշ այն աշխատանքների կամ անելիքների ցանկը, որոնք այդ քննարկումների արդյունքում որոշվել է։ Այսինքն՝ պետք է համայնք-համայնք անցնել, բնակիչներին լսել, հասկանալ՝ այդ բնակավայրի առաջնահերթ խնդիրներից որոնք են, որ այս տարի պետք է լուծել»,-ասաց Սանոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ մասնակցային բյուջետավորման համակարգը բավականին արդիական մեթոդ է։

Ըստ այդմ՝ փորձնական տարբերակով այն կկիրառվի Ջերմուկ, Աշտարակ, Աբովյան եւ Արմավիր համայնքներում, իսկ հաջողելու դեպքում կընդլայնվեն ե՛ւ աշխարհագրությունը, ե՛ւ  մեթոդի կիրառման ուղղությունները։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ գումարի կեսը հիմնականում կբաշխվի համաչափությամբ, իսկ մյուս մասը՝ որոշակի բանաձեւեր կիրառելով։

«Կարեւոր է, որ հնարավորություն կստեղծվի՝ մարդիկ կարողանան քվեարկել էլեկտրոնային կամ այլ հարթակներով: Այս մեթոդով  համայնքին ու Կառավարությանը կհուշեն, թե որ ծրագրերն են առաջնային»,-պարզաբանեց նախարարը՝ ընդգծելով, որ այդկերպ բնակիչները մասնակից կդառնան իսկապես  առաջնային խնդիրների լուծմանը, բացի այդ, լսելի կլինի նրանց ձայնը, բարձրացրած խնդիրը։

Կառավարությունն ակնկալում է այս մեթոդի կիրառմամբ մեծ մասնակցություն: Նախարարը հույս է հայտնում, որ քվեարկված, առաջարկված ծրագրերն իսկապես կհամընկնեն համայնքի ամենաառաջնային խնդիրներին, ինչը, ըստ Սանոսյանի,  կնշանակի, որ ծրագիրը ճիշտ է աշխատում։ Այս գործիքի արդյունավետ կիրառման դեպքում նախատեսվում է այն օգտագործել նաեւ մյուս ծրագրերի համար։

Անդրադառնալով ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների սուբվենցիոն կարգի բարեփոխմանը՝ ՏԿԵ նախարարը նշեց, որ նախ՝ վերլուծվել է այս տարիներին այդ համայնքներում  կատարված աշխատանքների ծավալը։ Արդյունքում պարզ է դարձել, որ ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 1,7 միլիարդ դրամի չափով աշխատանքներ են կատարվել, ինչը, Սանոսյանի գնահատմամբ, համեմատության մեջ բավարար չէ։

Մյուս կողմից՝ բավարար չեն այդ  համայնքների բյուջետային միջոցները։ Ուստի, Կառավարությունը երկու գործիք է ներդրել 2024 թվականից կիրառելու համար.  բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված այն համայնքների համար, որոնք մինչեւ 3500 բնակիչ ունեն, եւ նրանց դոտացիոն գումարները կազմում են ընդամենը 10-20 միլիոն դրամ, նոր դոտացիոն կարգով սահմանվել է առնվազն 50 միլիոն դրամի չափով շեմ։ Բացի այդ, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունն իր կողմից ֆինանսավորման չափը կավելացնի  եւս 15 տոկոսով՝ 60-ից հասցնելով 75 տոկոսի։

«Մեծ հաշվով, կդառնա, որ գրեթե ամբողջ գումարը Կառավարությունն է տալիս, որովհետեւ մի մասը տալիս է դոտացիայով, մի մասը՝ հավելյալ տոկոսներով»,-ավելացրեց ՏԿԵ նախարարը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է բացառապես ազգային փոքրամասնություններով բնակեցված 9 համայնքի։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓԱԹԵԹ

2024 թվականի հունվարի 16-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել եւ արդեն իսկ հրապարակվել են ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները:

 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից  հայտնում են, որ նշված օրենսդրական փոփոխություններով արդար առեւտրի կանոններ են սահմանվել փոքր եւ միջին տնտեսվարողների եւ առեւտրային ցանցերի միջեւ մատակարարման հարաբերություններում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով, մասնավորապես՝ ուշ վճարումները, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը, ապրանքներն անհավասար պայմաններով ցուցադրելը եւ այլն:

Նոր կարգավորումների համաձայն՝ առեւտրային ցանցը պարտավոր է՝

l ունենալ պաշտոնական կայք, որում պետք է հրապարակվեն հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները, իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը, ապրանքի ցուցադրման պայմանները, մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը,

l մատակարարարի հետ կնքել գրավոր պայմանագիր, որն առնվազն պարունակում է պայմանագրի գինը,  վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը եւ այլն,

l մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի համար ոչ ուշ, քան 30, ոչ պարենային ապրանքների համար՝ ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում: Ընդ որում՝ վերոնշյալ վճարումների կատարման 3 միլիոն կամ ավելի դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավելի ժամկետով կետանցը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, որի դեպքում հանձնաժողովը կարող է նշանակել տուգանք տնտեսվարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ տասը տոկոսի չափով:

Վերոնշյալ կարգավորումներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի մայիսի 6-ից:

Հիշեցնենք, որ օրենսդրական բարեփոխումների փաթեթը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից՝ Էկոնոմիկայի նախարարության եւ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ:

Ն.  ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից պատրաստված kadrer.emis.am ինտերնետային կայքում տեղադրված են տեղեկություններ Հայաստանի   մարզերի հանրակրթական դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի, այդ տեղը զբաղեցնողների համար նախատեսված դասաժամերի քանակի եւ վարձատրության չափի մասին։ Կայքի վերին մասում գրված է՝ «Հայաստանի Հանրապետության մարզեր ուսուցիչների գործուղման համակարգ»: Ըստ այդ կայքի՝ ներկայումս ՀՀ մարզերի դպրոցներում թափուր է ուսուցիչների 605 հաստիք: Հայաստանի մարզերում ուսուցիչների թափուր հաստիքների թիվն իրականում ավելի մեծ է: Մարզերի  հանրակրթական դպրոցներում թափուր այդ 605  հաստիքներից 8-ը Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում են։ Բերդ համայնքի Վարագավանի միջնակարգ դպրոցում թափուր է ֆիզկուլտուրայի ուսուցչի հաստիք, Բերդ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում` ֆիզկուլտուրայի ուսուցչի 2 հաստիք, որից մեկը՝ կես դրույք  կազմող աշխատավարձով։  Ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր հաստիքներ կան նաեւ Իջեւան համայնքի Լուսահովտի հիմնական, Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցներում, անգլերենի ուսուցչի 2 թափուր հաստիք կա   Բերդ համայնքի Մովսեսի միջնակարգ դպրոցում, այդ 2 հաստիքներից մեկը կես դրույք աշխատավարձով է, աշխարհագրության ուսուցչի թափուր հաստիք կա Դիլիջան համայնքի Գոշ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Իրականում Տավուշի մարզում ուսուցիչների թափուր հաստիքներն ավելի շատ են։ Մարզի  հանրակրթական շատ դպրոցների տնօրեններ ուսուցիչների թափուր հաստիքները զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններ չեն  տալիս, այլ դրանք լրացնում են այլ առարկաների  ուսուցիչներով:

 

 

ՄՐՑՈՒՅԹ ԿԼԻՆԻ՞

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք ուղարկել՝ նրան հարցնելով, թե 2024 թվականին Տավուշի մարզում միասնական երթուղային ցանցի ներդրման  համար ինչ աշխատանքներ են նախատեսված։ Մարզպետարանի պատասխանում նշված է. «ՀՀ  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2024 թվականի ընթացքում նախատեսում է հայտարարել Տավուշի միջմարզային եւ ներմարզային միասնական երթուղային ցանցերը սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցույթները, որի շրջանակներում ամբողջությամբ կապահովվի՝ ա/ Իջեւան – Երեւան, Իջեւան – Վանաձոր, Դիլիջան – Երեւան, Դիլիջան – Վանաձոր, Նոյեմբերյան – Երեւան, Նոյեմբերյան – Վանաձոր, Բերդ – Երեւան, Բերդ – Վանաձոր միջմարզային  երթուղիների կանոնավոր սպասարկումը»։ Ժամանակը ցույց կտա, թե այդ մրցույթները կկայանան, կունենան հաղթողներ, նշված երթուղիները կսպասարկվեն արդյոք։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս