. ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարների  համատեղ ստորագրած  պաշտոնական հրամանով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր:

 

Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ԵՊԲՀ-ն, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ:

Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են «Արաբկիր» բժշկական համալիրը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրն ու «Ուիգմոր» կանանց եւ երեխաների հիվանդանոցը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ  ծրագիրը նպատակ ունի միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական եւ կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաեւ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Այս ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան եւ համապարփակ կրթություն։

«Այս ձեռքբերման հիմքում ընկած է բավական մեծ աշխատանք: Ես շնորհավորում եմ այս կարեւոր համագործակցության, նաեւ  գրանցված այն արդյունքի համար, որը հետագայում թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումների հիմք է ծառայելու: Հայաստանի զարգացման եւ ձեռքբերումների համար չափազանց կարեւոր է տարբեր գերատեսչությունների, նախարարությունների ու նաեւ բուհական համակարգի ակտիվ համագործակցությունը:  Ուրախ եմ, որ մենք այսօր արդեն իսկ իրականացնում ենք պիլոտային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա օգտագործելով եւ վերցնելով  մեր միջազգային գործընկերների շատ կարեւոր փորձը՝  ձեւավորել այն կառուցակարգերը, որի շրջանակներում հետագայում կվերանայենք եւ կմեկնարկենք մեր մյուս ծրագրերը»,- ասաց Ավանեսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ, անդրադառնալով իրականացվող փոփոխություններին, ընդգծեց, որ դրանց անհրաժեշտությունն  այս պահին կա թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում:

«Ուրախ եմ, որ միջգերատեսչական համագործակցությունը,  որը դեռեւս բարելավվելու անհրաժեշտություն ունի,  կյանքի կոչվեց: Կարեւորում եմ այն փաստը, որ այն իրականցվում է որպես փորձնական ծրագիր, որովհետեւ սա մի ուղղություն է, որտեղ մենք կարիք ունենք հասկանալու լավագույն ճանապարհները, փորձելու դրանք եւ այդ փորձի հիման վրա նաեւ տեսնելու, թե ինչպիսին պետք է լինի համակարգային փոփոխությունը»,- նշեց նախարարը:

Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ.-ի հոկտեմբերի 9-ին, ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սան, ովքեր  ընդունվել են Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

«ԱՐԱՐԱՏ ՍԱՐԻ ԼԱՆՋԻՆ»

Հայ-Ռուսական համալսարանում տեղի ունեցավ հայտնի լրագրող եւ ռեժիսոր Աշոտ Ջազոյանի ««Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

«Ֆիլմը մի քանի ամիսների ընթացքում կատարված մեծ աշխատանքի եւ անցյալ տարվա աշնանը ՀՌՀ հարթակում անցկացված «Ռուսաստան-Հայաստան. գործընկերություն՝ հանուն ապագայի» մեդիա ասամբլեայի արդյունքն է։ Աշոտ Ջազոյանը հսկայական ներդրում ունի ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։ Իսկ այսօր, երբ նշում ենք Մայրենի լեզվի օրը, եւ Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ՝ մենք դիտում ենք համատեղ ստեղծված այս վավերագրական ֆիլմը՝ ՀՌՀ ուսանողների եւ դասախոսների մասնակցությամբ։ Սա պետք է վերածենք ազգային եւ ռուս-հայկական հարստության»,- նշեց ՀՌՀ ռեկտոր, ՀՀ եւ ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։

Իր հերթին Աշոտ Ջազոյանն ընդգծեց, որ սա Ռուսաստանի եւ Հայաստանի երիտասարդ լրագրողների առաջին եւ եզակի համատեղ նախագիծն է։ Ֆիլմը նվիրված է երկու ժողովուրդների հարաբերությունների մետաֆիզիկային։

«Մենք 60 հոգուց բաղկացած հիանալի թիմ ունեինք: Դա միջազգային, ռուս-հայկական խումբ էր, եւ մի քանի օր մասնակիցները միասին պատմություններ էին կերտում Հայաստանի բնակիչների մասին։ Անչափ շնորհակալ եմ համալսարանին, որը ոչ միայն օգնեց կազմակերպմանը, այլեւ ապահովեց ամենակարեւորը. ՀՌՀ ուսանողները նկարահանեցին տարբեր պատմություններ՝ օգնելով իրենց ռուս գործընկերներին ճանաչել երկիրը»,- ասաց Ջազոյանը։

ՀՌՀ ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը նշեց, որ այս նախագիծը մի քանի մասնագիտությունների ուսանողներին հնարավորություն է տվել ոչ միայն կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները, այլ նաեւ բերել նրանց իրական մշակութային համագործակցության դաշտ, զգալ ոչ թե խոսքերով, այլ գործնականում հայ-ռուսական դարավոր բարեկամության ոգին։

Ֆիլմի ցուցադրության ավարտին Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական եւ բանագնաց Մաքսիմ Սելեզնեւը նշեց. «Կարծում եմ, որ նման ֆիլմերը պետք է ցուցադրվեն ոչ միայն լայն էկրանով, այլ նաեւ կենտրոնական հեռուստաալիքներով։ Պետք է տարեցտարի ավանդույթ դարձնել նման ցուցադրությունները, որպեսզի ստանանք «Արարատ սարի լանջին» ֆիլմաշար։ Դրանք կդառնան յուրօրինակ տարեկան հաշվետվություն, թե ինչպես է փոխվում Հայաստանը»։

Հիշեցնենք՝ «Արարատ սարի լանջին» վավերագրական ֆիլմը ստեղծվել է Հայաստանի եւ Ռուսաստանի 60 երիտասարդ լրագրողների եւ լուսանկարիչների մասնակցությամբ (տեւողությունը՝ 39 րոպե): Ֆիլմը իր ամբողջական դրամատուրգիայով ամփոփել է 20-ից ավելի 1,5 րոպեանոց տեսանյութ։

Փետրվարի 28-ին տեղի կունենա ֆիլմի շնորհանդեսը նաեւ Մոսկվայի «Կոսմոս» կինոթատրոնում։

 

 




Լրահոս