ԵՐԵՄՅԱՆՆԵՐԸ «ՎՆԱՍՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ». ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարկային վնասը Երեմյանների բիզնեսներում կրում է խրոնիկ բնույթ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հարկերից ազատված եւ արտոնյալ հարկային պայմաններով գործունեություն ծավալող «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն չի կատարում նաեւ հարկային մնացած պարտավորությունները։

Բանն այն է, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն, 1000 խոշոր հարկատուների շարքում լինելով 141-րդը, տարեկան հարկային մուտքերը կազմել է 2 մլրդ 341 մլն դրամ, սակայն պետությանը վճարում է 970 մլն դրամ եկամտահարկ։

Հետաքրքիրն այն է, որ, ըստ ՀՀ հարկ վճարողների մասին օրենքի, շահութահարկ վճարողներ են համարվում (հոդված 103) ռեզիդենտ կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը, նոտարները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի եւ երաշխիքային ֆոնդերի), ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաեւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող եւ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:

Ինչպես կարող ենք եզրակացնել, «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ն դասվում է այս շարքին, սակայն չի վճարում պետության հասանելիք շահութահարկը։

Ըստ օրենքի՝ շահութահարկ վճարողներ չեն համարվում Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության համայնքները` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկները, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունները, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամը:

Այսպիսով, ստացվում է, որ իշխանությունը սեփական երաշխավորության տակ գտնվող անձանց կամ նրանց հետ կապ ունեցող կազմակերպությունները հոգատարությամբ պահում է բամբակների մեջ, իսկ, օրինակ, արտագնա աշխատանքի մեկնողներին անխնա հարկում է։

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջիկայում կրկին խորհրդարան կգնա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Փաշինյանը հերթական անգամ փակ հանդիպում կունենա ՔՊ-ական պատգամավորների հետ: Մեր տեղեկություններով՝ նախնական փակ հանդիպումը նշանակված է առաջիկայում, սակայն Փաշինյանի գրաֆիկից կախված՝ հնարավոր է՝ ինչ-որ փոփոխություններ լինեն: Մեզ ասացին, որ փետրվարի 26-ին կայացած հանդիպումից հետո դեռ մնացել են կիսատ հարցեր ու թեմաներ, որոնք չեն հասցրել քննարկել, ուստի նախատեսում են եւս մեկ հանդիպում անցկացնել վարչապետի հետ:

 

 

 

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնում նշանակվել է 2021թ. օգոստոսի 13-ին։ Մինչ Պաշտպանության նախարարությունում աշխատելը Բրուտյանը պաշտոններ է ունեցել ֆինանսական ոլորտում, օրինակ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ապա ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես վարչության պետ, ՀՀ ՊԵԿ նախագահի խորհրդական եւ այսպես շարունակ։ Բրուտյանը, ըստ 2022 թվականի հայտարարագրի, ունի 3 անշարժ գույք, որից մեկը բնակարան է բազմաբնակարան շենքում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. այն 2017 թվականին ժառանգություն է ստացել փոխնախարարը։ Երկրորդ անշարժ գույքը Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում գտնվող անհատական բնակելի տունն է, որը 2012 թվականին է նվիրատվություն ստացել Բրուտյանը։ Երրորդ անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն է, որը ձեռք է բերվել 2019 թվականին, երբ Բրուտյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալն էր։ Այն գտնվում է Ջրվեժ համայնքում։ Փոխնախարար Բրուտյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 50 հազար եվրո, 40 հազար ԱՄՆ դոլար եւ 55 մլն դրամ։ Բրոտյանի տարեկան եկամուտները կազմել են 19 մլն դրամ, որից 15 մլն 563 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պաշտպանության նախարարությունից, իսկ 3 մլն 719 հազար դրամը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից։ Թե ինչպես է մշտապես միայն պետական պաշտոնյա աշխատած Բրուտյանը կուտակել այդքան կանխիկ գումար, թերեւս կպարզի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Տեղեկացնենք, որ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն դրամ, որը ներառում է նաեւ 2 բնակելի տների հիփոթեքի մայր գումարի մնացորդը։ Բրուտյանը եւս այն պաշտոնյաներից է, ով պաշտոնին զուգահեռ անշարժ գույքեր է ձեռք բերում եւ գումարներ դիզում։

 

 

ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ գրանցված միջադեպի առիթով հարուցված քրեական վարույթը կարճվել է: Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից: Նախ հիշեցնենք, թե ինչի մասին է խոսքը. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Երեւանի իրավատնտեսագիտության եւ կառավարման քոլեջում իշխանական պատգամավորի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, դանակահարել էր նույն համալսարանի մեկ այլ սանի, սակայն տուժողը ոստիկաններին չէր հայտնել այդ մասին՝ ասելով, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել ուսանողին: Այդ առիթով հարուցվել էր քրեական վարույթ, սակայն, ինչպես կանխատեսվում էր Նիկոլ Փաշինյանի ստեղծած արդարադատության համակարգում, իշխանական պատգամավորի թոռը չի պատժվի: ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի, հայտնել են. «Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող իրավատնտեսական համալսարանի բակում 2023 թվականի նոյեմբերի 27-ին ուսհաստատության երկու անչափահաս սաների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Քննության շրջանակներում պարզվել են նշված անչափահասներից մեկի կողմից մյուսին մարմնական վնասվածք հասցնելու բոլոր հանգամանքները։ Հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում ստացվել են նշված երկու անչափահասների դիմումներն առ այն, որ հաշտվել են միմյանց հետ եւ ցանկանում են, որ հաշտության հիմքով քրեական հետապնդում չիրականացվի, միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիման վրա վարույթով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է, եւ քրեական վարույթը կարճվել է»։ Իսկ թե ինչու է տուժողը հրաժարվել բողոքից, ճնշման ազդեցությամբ արդյոք, թե իրապես «բարիշել են», դեռ պետք է պարզել:

 




Լրահոս