ՖՈՏՈ․ «Ոչինչ գույն չունի առանց Արսենիս…»․ ArmLur.am-ը զրուցել է պատերազմին ողջ մնացած և Ստեփանակերտի պայթյունից զոհված հերոսի մոր հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տղայիս ես չեմ տեսել: Խնդրել եմ, որ գոնե հեռախոսը տան հետը հեռախոսով խոսեմ: Թույլատրեցին: Դա եղավ իմ ու Արսենիս վերջին զրույցը…», – ArmLur.am-ի հետ զրույցում մեծ վիշտ ապրելով վերհիշում է մայրը՝ Նարինեն:

Արսենի ընտանիքն Արցախյան բոլոր պատերազմներում ունեցել է իր ներդրումն ու կորուստները: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, դեռևս անչափահաս տարիքում կամավոր պատերազմ է գնում Արսենի մեծ հորեղբայրը, որն այդպես էլ տուն չի դառնում: 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորվում է մյուս հորեղբոր որդին, կորցնում աջ ոտքն ամբողջությամբ, իսկ այս վերջին պատերազմն անտարբեր չանցավ նաև Արսենի ծնողների կողքով:

Նարինեն առավոտյան աշխատավայրում իմացավ, որ դիրքերում լարված իրավիճակ է: 19-ամյա որդին՝ Արսենը ժամկետային զինծառայող էր և այդ օրերին Հարավ գյուղի դիրքերում էր: Նարինեին հաջողվեց Հարավի համայնքապետարանից հեռախոսահամար գտնել՝ ճշտելու կրակոցների հավաստի լինելը: Համայնքապետարանից փոխանցել էին, որ սովորական կրակոցներ են, պարբերաբար են լինում:

«Ընդմիջմանը երբ արդեն տան էի սկսվեցին կրակոցները ու էլ չդադարեցին: Մեր տնից երևում էր որդուս դիրքը: Չգիտեի ինչ անել, անզորությունից մենակ գոռում ու լացում էի: Ապաստարան էլ չէի գնում, չէի կարող… աչքիս առաջ երեխուս պոստում կարկուտի պես կրակ էր թափվում, ո՞նց գնայի: Հեռախոսիս ձայն եկավ, տեսա Արսենս է գրել «Ինձ հետ ամեն ինչ լավա, չմտածես, չվախենաս ես լավ եմ, Տաթևին էլ կասես, որ ես լավ եմ» (Տաթևը իր սիրած աղջիկն էր), – վերհիշում է Նարինեն և շարունակում, – «Երբ Արսենս եկավ պոստից, ուրախությունից չգիտեի ինչ անել: Թևաթափ եղած չոքել էի ոտքերի առաջ: Ջղայնացավ, ասաց՝ էլ այդպիսի բան չանես: Տանը կարճ մնաց: Իվանյանից ոտքով գնաց Նորագյուղ սիրած աղջկան՝ Տաթևիկին, տեսնելու: Անթերի որդի էր… Հիշում եմ, երբ ուզեցի շորերը լվանամ արյունոտ էին, ասաց «մամ իմը չի, բայց մեր տղաներիննա», – վերհիշում է մայրը:

Նարինեն պատմում է, որ Արսենի համադասարանցին էր զոհվել, տղաներով հավաքվել գնացել էին՝ ծնողներին ցավակցելու:

«Եկավ, ասաց «մամ ես էտ կնոջը տեսած չպիտի լինեի»: Էլ չգիտեր, որ օրեր անց ես էի նույն իրավիճակում հայտնվելու…», – ասում է որդեկորույս մայրը:

Պատերազմից հետախույզ-դիպուկահար Արսենը ընտանիքին ոչինչ չի պատմել: Մայրը միայն հիշում է այն, որ երբ Արսենի հրամանատարին են տեսել, պատմել է, թե 22 հոգուց Արսենն ու Հայկն են կամովի գնացել ամենաթեժ հատվածից զոհերին հանել:

«Գլուխներդ բարձր քայլեք, Արսենի նման հայրենասերների կարիք մենք շատ ունենք», – փոխանցել էր հրամանատարն Արսենի ծնողներին:

Երբ արդեն հայտարարվել էր, որ Արցախը պիտի դատարկվեր, շատերի պես Արսենի ընտանիքը ևս վառելիքի կարիք ուներ: Սեպտեմբերի 25-ին «Հայկազով» զորամասում արցախցիներին վառելիք էին տրամադրում, որ լքեն քաղաքը:

«Տղաս էլ գնաց… Ժամը 6-ի կողմերն էր, իմացանք պայթյունի մասին: Դա ինչ օր էր, չգիտեմ, չեմ կարող նկարագրել: Ուժեղ անձրև էր գալիս, երկինքը մուր, ծուխ, թե ոնց եմ հասել էտ վայրը ես էլ չգիտեմ», – պատմում է մեր զրուցակիցը: Նա նշում է, որ պայթյունի վայրում գտավ ամուսնուն, բայց որդին չկար: Խաբեցին, որ զոհեր չկան, միայն վիրավորներ են, որոնց տեղափոխել են հիվանդանոց: Ամուսնու հետ Նարինեն շտապեց հիվանդանոց: Այնտեղ, որպես քույր, իրենց բարեկամուհին էր աշխատում, Շուշանիկը, որն էլ ծնողներին տեղեկացրեց Արսենի վիրավոր լինելու մասին: Արսենի մարմինն ամբողջությամբ վառված էր, վառված էին նաև աչքերը: Մայրն ասում է, որ Արսենն է իրենց բարեկամուհուն՝ Շուշանին, ձայնից ճանաչել:

Արսենը հաճախել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը և ավարտել գերազանցությամբ: Լավ էր սովորում: Մայրը հիշում է, որ Արսենի համադասարանցիների ծնողները հաճախ էին զանգում իրեն, խնդրում, որ դասարանում Արսենը միանգամից հարցերին չպատասխանի, այլ սպասի, որ ընկերներն էլ հասցնեն մտածել ու պատասխանել: Յոթ տարեկանից հաճախել է ըմբշամարտի: Ասկերանից Ստեփանակերտ 7-ամյա Արսենը մենակ էր գնում:

«Բոլորն ինձ ասում էին «ինչպես ես մենակ բաց թողում, մեծանալու տեղ ունի դեռ», բայց ասում էի, որ տղա երեխայա թող ինքնուրույն մեծանա, ինքնավստահ: Արսենին միշտ ասում էի «դու ուժեղ ես, ցավտ տանեմ, դու ամենաուժեղն ես, բայց միշտ օգնիր թույլերին: Այդպես էլ անում էր»,- պատմում է Նարինեն:

Մայրը հիշում է, որ մինչև անգամ այս վերջերն իրեն շնորհակալություն էին հայտնում՝ Արսենի դաստիարակության համար, որ ամեն հարցում իրենց երեխաներին թև ու թիկունք է եղել, պաշտպանել ու թույլ չի տվել, որ երեխաներին նեղացնեն: Բնութագրելով իր որդուն՝ մայրն ասում է, որ հանգիստ ու հավասարակշռված էր, ինչպես ժողովուրդն էր ասում «կանգնած ծով է»: 19-ամյա Արսենը դեռ դպրոցական տարիքից աչքի էր ընկնում մարդկային բոլոր դրական կողմերով: Կարեկցող էր, ընկերասեր, երբեք չէր թողնում, որ ընկերների միջև գժտություն լիներ:

«Տանը փակ էր, դրսի եղածը դրսում էր թողնում, բայց հաճախ էին ինձ ասում, որ Արսենին վիճաբանությունների ժամանակ կանչում էին, որ ամեն ինչ հարթեցնի: Մինչև անգամ այս վերջերն էլ ծնողները շնորհակալություն էին հայտնում իրենց երեխաներին թև ու թիկունք լինելու, մենակ չթողնելու համար»,- հիշում է մայրը:

«Մարտի 26-ին իր ծննդով մեզ լույս բերեց: Հիմա ոչ մի նպատակ չկա, ոչ մի ապագա չկա ամեն ինչ խավար ա, ոչինչ գույն չունի առանց Արսենիս…»

Նանիկ Աղասյան




Լրահոս