Մարտի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի միջև առկա համագործակցությանը, այն խորացնելու հեռանկարներին, ինչպես նաև Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։
Դեսպան Տոլմաջյանը բարձր գնահատեց Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի և անձամբ նախագահ Պեկրեսի կողմից շարունակական աջակցությունը։
Իր հերթին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը և այդ երկրի ղեկավարության վարած ռազմատենչ քաղաքականությունը, նախագահը Պեկրեսը վերահաստատեց ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր ղեկավարած ռեգիոնի ստանձնած հանձնառությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև մշակութային ոլորտում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր։
Հայաստանի դեսպանի առաջարկով որոշվեց դիտարկել Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանների շրջանակներում համատեղ միջոցառումների անցկացման հնարավորությունը: