ՀՀ կառավարությունը հետեւում է «Արմենալի»՝ Հայաստանից հեռանալու գործընթացին․ HSBC բանկի պատմությունը կրկնվում է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ռուսաստանցի հայտնի օլիգարխ Օլեգ Դերիպասկային պատկանող «Ռուսալ Արմենալ» գործարանի վերաբերյալ տագնապալի լուրեր են տարածվում։ Ասում են՝ ալյումինե մանրաթիթեղ արտադրող այս գործարանը, որի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է, շուտով լիկվիդացնելու են ու տեղում էլիտար շինարարություն են իրականացնելու։ Սարքավորումները տեղափոխելու են Ռուսաստան՝ ռազմարդյունաբերության օբյեկտներում օգտագործելու նպատակով։ Այն, ինչ հնարավոր չի լինի արտահանել, կվաճառեն։

Մեզ հասած տեղեկություններով՝ կառավարությունում դեռ կան մարդիկ, որոնք ընդդիմանում են գործարքին, սակայն աշխատակազմում նաեւ այլ կարծիք կա, թե՝ պահում ենք, ի՞նչ անենք, տանում են՝ թող տանեն։ Ըստ որոշ լուրերի, գործարանի վաճառքի մասին տեղեկացել է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը։ Նա ներկայացուցիչներ է ուղարկել, որ հանդիպեն  Օլեգ Դերիպասկայի հետ, ու առաջարկել է գնել գործարանը՝ ամբողջ տեխնիկայով ու սարքավորումներով հանդերձ, սակայն նրան մերժել են։ Պատճառաբանությունը՝ չենք ցանկանում ֆոլգա արտադրող մրցակից ունենալ։ Ֆոլգան, պարզվում է, մեծ պահանջարկ ունի աշխարհում եւ լուրջ բիզնեսի առարկա է։ Սամվել Կարապետյանի բանագնացները նույնիսկ առաջարկել են ստորագրել պարտավորագիր, որ արտադրանքը չի վաճառվի ԵԱՏՄ երկրներում, որ այն կտանեն ԵԱՏՄ-ից դուրս, այլ շուկաներ, բայց կրկին մերժում են ստացել։ Այժմ «Արմենալի» շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում։ Հաշվարկվել է, որ գործարանի սարքավորումներն արտահանելու համար մոտ 200 վագոն կպահանջվի՝ ծավալն այնքան մեծ է։ Ճիշտ է, թե սուտ, բայց ասում են՝ գործարանի սեփականատերը նույնիսկ հասցրել է պայմանավորվածություն ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ՝ այս 200 վագոն ապրանքը Ռուսաստան տանելու շուրջ։

Մեր տեղեկություններով՝ այս ծրագրին դեմ է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը, ով այս պաշտոնին է մարտի 5-ից։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի «Արմենալը» վերացնելու գաղափարը չիրականանա։ Ասում են՝ Պապոյանը նույնիսկ զանգահարել է երկաթուղու ղեկավարությանը եւ փորձել համոզել, որ հրաժարվեն «Արմենալի» բեռը Ռուսաստան տեղափոխելու առաջարկից։

Տեղեկություններ կան, որ գործարանի տարածքը պատրաստվում են վաճառել կառուցապատողներին՝ բնակելի շինարարության համար։ Անգամ տեղեկություններ ունենք, որ արդեն կանչել են ՀՀ հինգ խոշոր կառուցապատող ընկերությունների, քննարկել են հողահատկացման հարցը, գնառաջարկներ են լսել նրանցից։ Կառուցապատողները պետք է փոխել տան հողի նշանակությունը, ապա գործարանի շենքը հավասարեցնեն հողին՝ ամբողջությամբ քանդեն եւ տեղում էլիտար շենքեր կառուցեն։
Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ «Արմենալի» տնօրեն Արթուր Զաքարյանից։ Ճի՞շտ են մեր տեղեկությունները։ Նա ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն լուրը, թե Դերիպասկան պատրաստվում է «Արմենալի» սարքավորումները հանել Հայաստանից։ «Կարող է եւ ճիշտ է, աշխարհը հիմա օրական է փոխվում։ Բայց մենք շարունակում ենք մեր սարքավորումների վրա ե՛ւ արտադրել, ե՛ւ արտահանել։ Ինչպե՞ս եք կարծում՝ հնարավո՞ր է միաժամանակ ե՛ւ արտադրել, ե՛ւ հանել սարքերը»,- ասաց նա։ Գուցե մտադրությունը կա, որոշված է արդեն, բայց դեռ քայլեր չեն սկսվել՝ առարկեցինք մենք, վստահ, որ մեր տեղեկությունները ճիշտ են։

«Դերիպասկան եւ ես տարբեր կալիբրի մարդիկ ենք, նրա մտադրությունների մասին չեմ կարող ասել։ Տեսնում եք, մեր երկրում ոնց է՝ օրական մի բան է փոխվում։ Բայց այս պահին «Արմենալը» շարունակում է աշխատել, եւ պատվերները դեռ մի փոքր ավելացել են։ 200-300 տոննա մեր սովորական բիզնես-պլանից ավելի ենք արտադրում։ Թե ոնց կզարգանա իրավիճակն ապագայում, չեմ կարող ասել։ Ծավալների անկումը, որը եղել է եվրոպական շուկայում, քանի որ սա ռուսական արտադրություն է, կա, բայց մենք շարունակում ենք մեր ռեժիմով արտադրել։ Որ պահին աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի, ես չեմ կարող ասել։ Այս պահին սարքավորումները տեղում են»,- ասաց Արթուր Զաքարյանը։

Սամվել Կարապետյանի առաջարկի, կառուցապատողների հետ համաձայնությունների մասին տնօրենը ոչինչ չգիտի։ «Եթե նույնիսկ այս ամենը եղել է, ապա` շրջանցելով «Արմենալի» ղեկավարությանը։ Գործարան են եկել միայն «Տաշիր գրուպի» ներկայացուցիչները՝ արտադրական հունին ծանոթանալու, որովհետեւ նրանց համար ալյումինե ժապավեն ենք արտադրում, որն օգտագործվում է տրանսֆորմատորների արտադրության համար։ Բայց կառուցապատող չի մտել։ Իսկ եթե կա նման բան, ապա դա շատ վատ է։ Եթե ինչ-որ բան էլ տեղի է ունենալու, ապա ոչ մոտակա օրերին, որովհետեւ մենք այս պահին ամբողջ ծավալով աշխատում ենք»,- ասաց Արթուր Զաքարյանը։

Նա նույնպես հիշեց, որ սեպտեմբերի 1-ին էկոնոմիկայի նախկին նախարարը եկել էր «Արմենալ»։ «Ես նույնիսկ մտածեցի՝ երեխաներին տարել է դպրոց ու եկել է «Արմենալ»։ Դրանից հետո էկոնոմիկայի նախարարությունը հրատարակել է համատեղ վերլուծություն` «Ալյումինի արտադրության զարգացման հեռանկարները Հայաստանում», որը կա նրանց կայքում»,- ասաց նա։

«Այս պահի դրությամբ երկաթուղին սովորական աշխատանքային ռեժիմով արտահանում է «Արմենալի» արտադրանքը»,- ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մեր աղբյուրը եւ նշեց, որ մոտ մեկ ամիս է՝ «Ռուսալից» հանձնաժողով է եկել, որն ինչ-որ հարցերի շուրջ բանակցում է։ «Կարող եմ ասել, որ ՀՀ կառավարությունը փորձում է դիմադրել գործարքին, ժամանակ շահել, բայց ռուսները նման միտք ունեն»,- գործարքի առկայությունը հաստատեց ՀԿԵ մեր աղբյուրը։

ՀՀ կառավարության աշխատակազմից մեր զանգերին չպատասխանեցին, իսկ էկոնոմիկայի նախարարությունից մեկնաբանություն չհաջողվեց ստանալ՝ մամուլի խոսնակը Քերոբյանի հետ հեռացել է, կայքում եղած համարին էլ պատասխանող չկար։

Մենք նաեւ տեղեկություն ունենք, որ այսօր «Ռուսալից» հատուկ պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ «Արմենալի» տեխնիկական հնարավորությունները գնահատելու, լիկվիդացումը սկսելու ու սարքավորումների տեղափոխությունը կազմակերպելու համար։ Եթե այս ծրագիրն իրականություն դառնա, Հայաստանի տնտեսությունը ծանր կորուստ կկրի, որը մեզ համար անդառնալի կլինի։ Հարցը ոչ միայն մոտ 600 մասնագետների գործազրկությունն է եւ հարկերը, որոնք Հայաստանը ստանում է «Արմենալից»։ Ակնհայտ է, որ ո՛չ այսօր, ո՛չ մոտ ապագայում Հայաստանը չի կարող նման գործարան հիմնել։ Բացի այդ, 200 վագոն սարքավորում ՌԴ տեղափոխելը խնդրահարույց է նաեւ սանկցիաների տեսանկյունից՝ Արեւմուտքին դժվար թե դուր գա այդքան կարողությունները Ռուսաստան ուղարկելը։
Ի՞նչ է ստացվում։ Բոլորովին վերջերս՝ դեռ անցյալ տարվա սեպտեմբերին, ալյումինե մանրաթիթեղ արտադրող հսկան, որը ռազմավարական նշանակության ստրատեգիական օբյեկտ է, դեռ վայելում էր կառավարության ուշադրությունը։ Էկոնոմիկայի նախարարներն էին այցելում, խոսում էին զարգացման ծրագրերից։ Իսկ այսօր արդեն այն ոչ մեկին պե՞տք չէ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։




Լրահոս