ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր:

Այս մասին  հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 28-ի իր հրամանագրին Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին։

«Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,-ասել է նա:

Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնք չեն կարողանում ազատ տեղաշարժվել, կամ չեն ցանկացել թողնել հարազատների շիրիմները։ 2023 թվականի սեպտեմբերյան գաղթից հետո Արցախում մնացած հայերի թիվն ավելի շատ է եղել, սակայն այնտեղ մնալու որոշում կայացրած մի քանի տասնյակ արցախցիներ նույնպես գերադասել են աքսորվել Հայաստան՝ Կարմիր Խաչի միջոցով։

Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա, Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին ու խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով։




Լրահոս