Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ելույթի ժամանակ անդրադարձել է 2019 թվականին իր արած հայտարարությանը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։
Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է այդ ժամանակ նման հայտարարություն արել՝ շեշտելով, որ ցանկանում է այս թեման մեկընդմիշտ ամփոփել։
«Քավ լիցի, չեմ մոռացել, որ արել եմ այդ հայտարարությունը, բայց վերջին տարիներին տասնյակ անգամներ անդրադարձած լինելով այս թեմային, ուզում եմ ամփոփել մեկընդմիշտ: Հայաստանյան ավագ և միջին սերնդի քաղաքական ծագումնաբանությունը հանդիսացած Ղարաբաղյան շարժմանը և Ղարաբաղը Հայաստան տեսնելու գաղափարին անմնացորդ նվիրումն է, որ ինձ ու իմ գործընկերներին համարձակություն է տվել առաջ գնալ, բացել վարագույրը և տեսնել, թե ինչ կա Ղարաբաղի շարժման հետևում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է վարչապետը՝ հավելելով, որ 35 տարի Հայաստանը բացարձակապես ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։
«Մեր կառավարությունը ոչինչ չի խնայել Ղարաբաղի համար։ Մեր կառավարման տարիներին նախորդող նույն ժամանակահատվածի համեմատ մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանսավորում ենք հատկացրել Ղարաբաղին։ Եվ, ի վերջո, մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ, ու մենք ժողովրդի տված մանդատով փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ։ Կօգտվե՞նք մենք այդ հնարավորությունից, թե՞ ոչ, ուրիշ հարց է»,-նշել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ ոչ միայն Ադրբեջանում, այլև Թուրքիայում չպետք է Հայաստան փնտրել, Իրանում չպետք է Հայաստան փնտրել, Վրաստանում չպետք է Հայաստան փնտրել՝ երկու հիմնական պատճառով:
«Առաջինը, երբ Հայաստանից դուրս Հայաստան ենք փնտրում, տեսադաշտից և ուշադրությունից դուրս ենք թողնում Հայաստանի Հանրապետությունը, նրա կարիքներն ու շահերը, նրա համար հոգ տանելու մեր պատասխանատվությունը և պարտավորությունը։
Եվ երկրորդ՝ երբ մենք հայրենիք ենք փնտրում մեր չորս հարևանների միջազգային ճանաչված տարածքներում, բացում ենք այն դուռը, որով նրանք իրենց հայրենիքն են փնտրում Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում։ Եվ ստացվում է, որ մենք փնտրում ենք չորս տեղ, իրենք չորսով փնտրում են մի տեղ՝ մեր երկրում, մեր պետությունում, մեր հայրենիքում, ու մենք հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում։ Երբ հայտնվում ենք մեկն ընդդեմ չորսի կարգավիճակում, անխուսափելիորեն հասկանում ենք, որ չենք կարող նման հարևանության մեջ ապրել առանց արտաքին օգնության, իսկ նա, ով գալիս է մեզ օգնելու, որ մենք մեր հարևանության մեջ կարողանանք ապրել, պարզվում է, ինքն էլ իր հայրենիքն է փնտրում այստեղ և նույնիսկ վիրավորվում է, որ մենք մեզ, մեր պետության ու անկախությանը լուրջ ենք վերաբերվում, և չենք հասկանում, որ ընդամենը տեղապահ ենք, ժամանակավոր տեղապահ և գործիք պատմական արդարության, իր պատմական արդարության վերականգնման համար»,-մանրամասնել է նա։
Փաշինյանը խոսքով՝ սոցիալ հոգեբանության պատմության այս տրամաբանության ընթացքի մեջ է, որ հայ ժողովուրդը ենթարկվել է կոտորածների ու ցեղասպանության՝ ինքն էլ չհասկանալով, թե ինչու է դա իր հետ տեղի ունենում։
«Եվ «Արցախը Հայաստանը և վերջ»-ը ծառայել է այս նպատակին, որ, ի վերջո, բացենք մեր պատմության վարագույրը, մտնենք մեր պատմության և իրականության կուլիսներ և տեսնենք, թե ինչ է կատարվում։



























