Մոսկվան մտահոգություն է հայտնել ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն հանդիպման կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվային անհանգստացնում է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը․ այդ մասին գել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Թեև ընդգծվում է, որ այդ հանդիպումը երրորդ կողմի դեմ չէ, սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց գործողությունները հիմնականում Ռուսաստանի դեմ են։ Ուղիղ հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով», – գրել է Զախարովան՝ շեշտելով, թե նման հանդիպումները անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ։

Ըստ Մոսկվայի՝ «դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլև Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուն, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելուն, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելուն»։

Զախարովան նաև ընդգծել է․

«Մեծ հարց է, թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը։ Չէ որ Հայաստանին ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որը ամբողջովին տարբերվում է հայ ժողովրդի արմատական շահերից»,- գրել է ռուսաստանցի դիվանագետը։

Բրյուսելում ապրիլի 5-ին հանդիպելու են Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Հանդիպման օրակարգի մասին ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր ընդհանուր տեղեկություններ հայտնել՝ նշելով, որ նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։

Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» է որակել այդ հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել է, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»՝ նշելով՝ «Երևանում ռևանշիստական տրամադրությունների ֆոնին Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։ Բաքուն հայտարարել է, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։

 




Լրահոս