Երևանում պաշտոնապես մեկնարկել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և գործընկեր կառույցների աջակցությամբ այսօր տրվել է սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական մեկնարկը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մեկնարկային գոտեմարտերին հաջորդել է բացման պաշտոնական արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Սամբոյի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզասերներ, հյուրեր:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ուրախությամբ փաստել է, որ հերթական անգամ Երևանը դառնում է սպորտային մայրաքաղաք։

«Ուրախ եմ, որ համաշխարհային սպորտային քարտեզի վրա Հայաստանն ամրապնդում է իր տեղը: Ընդամենը երկու տարում սամբոյի չորս խոշորագույն մրցաշարի անցկացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանում սամբո սիրում են, իսկ Հայաստանի կառավարությունը մեծապես աջակցում ու սատարում է այս մարզաձևի զարգացմանը»,- ասել է նա:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ տղամարդկանց և կանանց բոլոր 26 քաշային կարգերում հաղթողները պարգևատրվելու են ՀՀ վարչապետի անհատական հուշանվերներով: ԿԳՄՍ նախարարի տեղակալը մասնակիցներին մաղթել է ազնիվ մրցակցություն և ամենայն բարիք:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս ողջունել է ներկաներին և ընդգծել` սա նախևառաջ խաղաղության տոն է։

«Մեր մարզաձևի որդեգրած կարևորագույն սկզբունքն այն է, որ սամբոն ընտանիք է, ընտանիքը` ուժ, իսկ ուժը` խաղաղություն: Մեր մարզաձևին ՀՀ կառավարության շարունակական աջակցության շնորհիվ այսօր հնարավորություն ունենք հյուրընկալելու աշխարհի գավաթի խաղարկությունը. սա իսկապես շատ նշանակալի իրադարձություն է»,- նշել է նա:

Աշխարհի գավաթի խաղարկությանը 13 թիմերի ավելի քան 200 մարզիկներ են մասնակցում:

Ավելի վաղ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլլաևը հայտարարել էր, որ իրենց ազգային հավաքականը չի մասնակցելու Երևանում անցկացվելիք սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը։




Լրահոս