Ուկրաինայի հայ համայնքը ՝ Ղրիմի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի հայ համայնքի նախագահի տեղակալ Մերի Հակոբյանը հստակ չի կարող ասել, որ Ղրիմի բոլոր հայերը քվեարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին: Ավելին, ըստ նրա ՝ իրենք Ղրիմի անկախացումից հետո Ուկրաինայի այլ համայնքների միջև հնարավոր պառակտման վտանգ չեն տեսնում:

-Տիկին Հակոբյան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրիմի հայ համայնքը հանրաքվեի արդյունքում որոշեց Ռուսաստանի կազմի մեջ մտնել, արդյոք դա Ուկրաինայի այլ հայ համայնքների միջև պառակտում չի՞ առաջացնի:

-Մենք չենք կարող հստակ ասել, որ Ղրիմի բոլոր հայերը քվեարկել են Ռուսաստանի կազմի մեջ մտնելու համար` կողմ կամ դեմ: Ամեն մարդ ունի իր անձնական կարծիքն այդ հարցի վերաբերյալ: Իսկ Ղրիմի հայ համայնքի ղեկավարությունն իր ներքին որոշումը կայացրեց՝ համարելով դա ճիշտ քայլ, և կոչ արեց այնտեղի հայությանը քվեարկել հօգուտ Ռուսաստանի:

Այսինքն՝ Ղրիմի համայնքն այդ որոշումը կայացրեց` իրավիճակից ելնելով, որ այնտեղի հայերը կարողանան հանգիստ ապրել: Իսկ ինչ վերաբերում է մյուս հայ համայնքների միջև հնարավոր պառակտմանը, ապա մենք նման վտանգ չենք տեսնում:

Մնացած համայնքները շարունակում են աշխատել Ուկրաինայի հայ համայնքի կազմում: Մենք աշխատում ենք միասնաբար, և քանի որ Ուկրաինայի քաղաքացի ենք և ապրում ենք այս երկրում, դարեր շարունակ մեր քայլերն ուղղված են Ուկրաինայի շահերը պաշտպանելուն:

 -Ղրիմի անկախացումը բավականին մեծ շուքով տոնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին:

– Այդ թեման արդեն մի քանի օր է, ինչ շոշափվում է, և ես չէի ցանկանա խորանալ դրա մեջ, քանի որ (Ուկրաինան) Ղրիմը և Ղարաբաղը տարբեր քաղաքական հարթությունում են:

Որպես Ուկրաինայի քաղաքացի` իմ անձնական կարծիքն այն է, որ մենք ամեն ինչ անում ենք Ուկրաինային աջակցելու համար:

-Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, ինչպես նաև` Սփյուռքի նախարարությունը, ի՞նչ աշխատանք է Ձեզ հետ տարել: Առհասարակ, հետաքրքրվե՞լ են ձեզանով, աջակցե՞լ են:

-Վերջին երկու տարվա ընթացքում մշակութային մի շարք ծրագրեր ենք իրականացրել և համագործակցել նաև դեսպանատան հետ: Մենք հասարակական կազմակերպություն ենք ու, ընդհանրապես, քաղաքական կյանքում դեր չենք խաղում ու չենք ձգտում խառնվել: Նշեմ, որ մենք ներգրավված եղանք այդ գործընթացներին միայն այն ժամանակ, երբ մեր հայերի հետ դեպք պատահեց և որոշեցինք հայերի շահերը պաշտպանել: Ոչ ավելին: Ոչ մի կուսակցության շահ մենք չենք ներկայացնում:

-Իսկ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը փորձե՞լ է հանդիպել հայ համայնքի հետ, խորհուրդներ տալ Ձեզ:

-Պաշտոնապես հանդիպում չի եղել: Առհասարակ, կապի մեջ եղել ենք: Շաբաթվա վերջ լինելու է մեր հերթական ժողովը, հրավիրել ենք նաև Անդրանիկ Մանուկյանին, և հույսով ենք, որ նա ներկա կլինի:

-Ինչպե՞ս եք վերաբերվում խնդրի ռազմական զարգացմանը: Այսօր, կարծես թ,ե դրա վտանգը կա: Օրինակ՝ Խարկովում բախումներ են եղել, կան զոհեր:

-Այն մարդիկ են այդ հարցը բարձրացնում, որոնց, կարծես թե, շահեկան է այդ մասին խոսել: Մարդիկ այսօր այդ վտանգը չեն տեսնում կամ, ասենք, փողոցում անկարգություններ չկան: Այդ խոսակցությունները հիմնականում կան կուսակցությունների և հեռուստատեսությունների մակարդակով, իսկ մենք սովորական կյանքով ապրում ենք:

-Կապ ունե՞ք Ուկրաինայի մյուս քաղաքների հայ համայնքների հետ: Նրանք կարողանո՞ւմ են համակարգված աշխատել, որ բոլորն էլ իրենց չեզոք պահեն:

-Իկարկե կա: Կրկնում եմ ՝ այս շաբաթվա վերջ մենք նախատեսում ենք կոնֆերանս հրավիրել և հանդիպել ենք բոլոր հայ համայնքների նախագահների հետ: Այն մարդիկ, ովքեր այլ հայ համայնքների նախագահներ են, որևէ կուսակցության քաղաքականության մեջ ներգրավված չեն: Իսկ դրանից դուրս, եթե որևէ մեկը կապ ունի ինչ-որ քաղաքական ուժի հետ, ապա դա իր իրավունքն է և հայ համայնքն այդ ամենի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող:

Քնար Մանուկյան




Լրահոս