«ԴԺՈԽՔԻ ԴԱՐՊԱՍՆԵՐԻ» ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ացտեկների աստծուն նվիրված հնագույն՝ 3000-ամյա «դժոխքի դարպասների» առեղծվածը բացահայտվել է, երբ այն գողացել են գաղտնի քարանձավից. գրում է բրիտանական The Sun պարբերականը։

Մեքսիկական արտեֆակտը, որը, ինչպես պարզվեց, օլմեկների հնագույն քաղաքակրթությունից պահպանված քարանձավային դիմակ է, գողացվել է 1960-ականների սկզբին, սակայն 64 տարվա որոնումներից հետո այն ի վերջո վերադարձվել է Մեքսիկա:
Շուրջ 3000-ամյա հսկայական արտեֆակտը պատկերում է Թեպեյոլլոտլիկուտի ուռած ռունգերով եւ խորաբաց երախով օվալաձեւ խոշորաչյա յագուար-աստծուն:
Իշխանությունները պարզել են, որ արտեֆակտը գողացվել էր դեռ մայիսին՝ դրա անհետացման շուրջ տարիներ տեւած խառնաշփոթությունից եւ թյուրըմբռնումից հետո:
Սակայն Մանհեթենի դատախազների եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ հետաքննությունից հետո այն անցյալ ամիս առգրավվել է:
Առայժմ պարզ չէ՝ քանդակի անհետացման առնչությամբ որեւէ մեկ կենթարկվի՞ քրեական պատասխանատվության:
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգ կրտսերը հայտնել է, որ դիմակը մ.թ.ա. 800 թվականին Մեքսիկայում պատրաստված չափազանց հազվագյուտ նմուշ է: «Դեպի հանդերձյալ աշխարհ անցումը խորհրդանշող օլմեկների փորագրված հսկայական դիմակը պահպանում էր Մեքսիկայի Չալկացինգո հնագիտական պեղումնավայրի ծիսակարգային քարանձավի մուտքը: Այս անհավանական, հնագույն իրը օլմեկների հասարակության անցյալը բացող հազվագյուտ պատուհան է», – նշել է Բրեգը: Շրջանային դատախազը պատմում է, որ հնագույն դիմակը գողերն ի վերջո փշրել ու բաժանել են մի քանի մասի՝ դրա տեղափոխումը հեշտացնելու նպատակով: Արդյունքում՝ դիմակը շուրջ 60 տարվա ընթացքում մաս-մաս ցրվել է ԱՄՆ-ով մեկ՝ տեղ գրավելով տարբեր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Քննիչները պարզել են, որ Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը բազմաթիվ թանգարաններից մեկն է, որին հանձնվել է դիմակը: Փաստաթղթերում նշվում է նաեւ, որ դիմակը վերջերս վաճառվել է մասնավոր հավաքորդի՝ նախքան այն վերադարձվելը: Քանդակը, որը Մեքսիկայի բնակիչներին հայտնի է որպես «Անդրշիրիմյան պորտալ», օլմեկների քաղաքակրթությանն առնչվող նմուշ է:
Հետագա տարիներին տարածաշրջանում ի հայտ եկած շատ այլ մշակույթների «մայր մշակույթը» համարվող օլմեկների արվեստը Հինավուրց Ամերիկայի ամենավառ նմուշներից է:

ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻ ԳԱՂԱՓԱՐԻՑ
Երեւանում հուլիսի 7-14-ը կայանալիք «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չի ունենա բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ արարողակարգային այս կարեւոր դետալը հետայսու կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին կփոխարինեն արվեստագետ Դավիթ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։
Փառատոնի այս փոփոխությանն ընդառաջ ARARAT թանգարանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի եւ AHA Collective հետ համատեղ կազմակերպել է Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների ցուցադրություն, որը համադրել է Նաիրի Խաչատուրեանը։
«Համարձակ Խնձորեսկ» վերտառությամբ այս ցուցադրությունը պատմում է հայկական ձեռագործ աշխատանքի՝ վարպետության ամենահին եզրերից մեկի՝ գորգագործության ավանդույթների մասին՝ դիտարկելով դրանք տեղային, ճարտարապետական եւ բնության համատեքստում։ Ցուցադրության առանձնահատուկ մաս են կազմում Փիրուզա Խալափյանի լուսանկարները, որտեղ գորգերը ներկայացված են հայկական վանքերի եւ ժայռերի անսպասելի ու տպավորիչ վայրերում։ Ցուցադրությունը կգործի մինչեւ օգոստոսի 1-ը։ Մուտքն ազատ է։
«Կարմիր գորգի չեղարկումն ունի մի քանի պատճառ. օրինակ՝ տարիների ընթացքում արմատացած կարմիր գորգի հետ ասոցացվող էլիտիստականությունը, որը հակասում է փառատոնի հակաէլիտիստական բովանդակությանը: Մյուսը՝ հաշվի առնելով հայկական գորգագործական հարուստ ավանդույթները եւ ժամանակակից տաղանդաշատ դիզայներների ու նկարիչների ներուժը, շատ ավելի իմաստավորված ու հմայիչ կլինի, եթե փառատոնային պաստառի նման, յուրաքանչյուր տարի լինի հատուկ գորգ՝ ստեղծված ժամանակակից տեսողական լուծումներով եւ գործված՝ ավանդական տնայնագործ կանանց կողմից»,- նշել է փառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։

ՀԱՄԵՐԳ ՈՒՐՈՒԳՎԱՅՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ
Ուրուգվայի ամենահեղինակավոր համերգասրահում՝ Սոլիս թատրոնում, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ, որի շրջանակներում ելույթով հանդես է եկել ՀՀ վաստակավոր արտիստ, անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Այս մասին նշված է Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանությունը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ կայացած այս համերգի ընթացքում Հայկ Մելիքյանը՝ Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ դիրիժոր Ալվարո Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի հանրահայտ դաշնամուրային կոնցերտը: Երեկոյի ընթացքում Մոնտեվիդեոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել են նաեւ Արամ Խաչատրյանի հանրահայտ այլ ստեղծագործություններ, այդ թվում՝ «Դիմակահանդես»-ի վալսը, «Զանգեզուրի քայլերգը», «Գայանե» բալետից հատվածներ եւ այլն:
ՀՀ դեսպանության հրավերով՝ համերգին ներկա են գտնվել նաեւ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության եւ այլ պետական գերատեսչությունների աշխատակիցներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Համերգին հետեւած ընդունելության ընթացքում դեսպան Մարիամ Գեւորգյանը շնորհակալագրերով է պարգեւատրել դաշնակահար Հայկ Մելիքյանին եւ դիրիժոր Ալվարո Հակոբյանին՝ Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունն Ուրուգվայում լավագույնս ներկայացնելու համար:
Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս բացառիկ համերգի շրջանակներում ՀՀ դեսպանությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ, Սոլիս թատրոնում ներկայացրեց նաեւ Արամ Խաչատրյանի՝ 1957 թ. Ուրուգվայ կատարած այցի լուսանկարների ցուցահանդես:

ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿԸ ԱԶԱՏՎԵՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Կառավարությունն իր երեկվա նիստում որոշեց ծանրամարտի ազգային հավաքականի անդամ Արսեն Մարտիրոսյանին ազատել պարտադիր զինծռայությունից:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ծանրամարտի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ Արսեն Գեւորգի Մարտիրոսյանին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում է տրվել մինչեւ 2024-ի ամառային զորակոչը։ Տարկետումը տրամադրվելուց հետո՝ նոր նվաճումներ է ունեցել՝ այդ թվում՝ ծանրամարտի Եվրոպայի 2022-ի առաջնության 3-րդ մրցանակակիր է դարձել:
Այժմ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինծառայությունից ազատել Արսեն Մարտիրոսյանին:

162 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը կարող է նոր պայմանագիր ստորագրել թիմի հետ, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ակումբի ղեկավարությունը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի պահի իր առաջատարին: Դրա համար «Լոս Անջելես Լեյքերսն» 39-ամյա հարձակվողին պատրաստ է 3 տարվա պայմանագիր առաջարկել: Համաձայնության դեպքում՝ ամերիկացին կստանա 162 միլիոն դոլար:
Ջեյմսի գործող պայմանագիրն ավարտվում է հունիսի 29-ին, եթե նա երկարաձգի պայմանագիրը, ապա ստիպված կլինի խաղալ մինչեւ 42 տարեկանը:
«Լոս Անջելես Լեյքերսը» պատրաստ է անգամ դրաֆթի ժամանակ իրականացնել Բրոնի Ջեյմսի գործարքը, որպեսզի NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն հնարավորություն ունենա խաղալու որդու հետ:

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Ավարտվեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլը:
Գերմանական 10 քաղաքաներում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի արգելքը հաղթահարեցին 16 թիմերը:
Փլեյ-օֆֆում միմյանց դեմ կմրցեն հետեւյալ զույգերը`
Շվեյցարիա-Իտալիա
Գերմանիա-Դանիա
Անգլիա-Սլովակիա
Իսպանիա-Վրաստան
Ֆրանսիա-Բելգիա
Պորտուգալիա-Սլովենիա
Ռումինիա-Նիդերլանդներ
Ավստրիա-Թուրքիա
1/8 եզրափակիչի հանդիպումները կմեկնարկեն հունիսի 29-ից:




Լրահոս