ՍԵՐՈԲԸ 15 ՏԱՐԻ «ՇԱԼԱԿԵՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Մեթլ Փրինս» կորպորացիայի նախագահ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի վերջին դատական նիստը: Գրեթե մեկ տարի անց ընթերցվեց դատավճիռը: Նրան տրվեց առավելագույն պատիժ` 15 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը, 2004 թվականից սկսած, սեռական հարաբերություններ էր ունեցել Ախթալայի բնակիչ անչափահաս եւ մանկահասակ 10-ից ավելի երեխաների հետ` բարեգործության քողի տակ նրանց նախ գումարներ տալով, ապա դրդելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ: Դատավարության ամբողջ ընթացքը դռնփակ էր: Դիտվում էին օպերատիվ ճանապարհով ձեռք բերված տեսանյութեր, որոնք նկարահանել էր անձամբ Տեր-Պողոսյանը: Դրանցում սեռական հարաբերությունների ողջ ընթացքն էր` բոլոր զզվելի մանրամասներով: Դատավարությանը հետեւող լրագրողների հանդեպ ագրեսիվ էին տրամադրված ե՛ւ երեխաների ծնողները, ե՛ւ Սերոբ Տեր-Պողոսյանի պահակախումբը: Փաստաբանների կողմից մեղադրողի անհերքելի ապացույցների հերքման փորձերն ապարդյուն էին: Հատկապես վերջին նիստերի ընթացքում ամբաստանյալը հերքում էր մեղադրանքը, սակայն ներողություն էր խնդրում երեխաներից ու ժողովրդից: Մեղադրական ճառի ընթերցումը հետաձգվեց նախ փաստաբանների պատրաստ չլինելու, ապա Սերոբ Տեր-Պողոսյանի վատառողջ լինելու պատճառաբանություններով: Փաստաբանները բողոքարկելու են վճիռը, քանի որ համաձայն չեն առաջադրված մեղադրանքի հետ: Նոյեմբերի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանը հրապարակեց դատավճիռը` 15 տարվա ազատազրկում. «Քրեական օրենսգրքի 66 հոդվածի կարգով պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով Քրեկան օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասով սահմանված 11 տարի ժամկետով պատժին գումարել նույն օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված 8 տարի ժամկետով 4 տարի եւ վերջնական պատիժ սահմանել 15 տարի ժամկետով»: Մեղադրյալի փաստաբան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ համաձայն չեն եղել հոդվածի հետ. «Մենք ստանանք դատավճիռը, տեսնենք` հիմնավորումներն ինչ են, նոր ըստ այդմ կքննարկենք, մենք ի սկզբանե մեղադրանքի հետ համաձայն չենք եղել, մենք գտել ենք, որ 139 հոդվածը ճիշտ չէ: Այսինքն` խոսք չկա բռնության կամ անօգնական վիճակի մասին»: Փոխարենը մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը վճիռն արդարացի է համարում. «Արդարացի դատավճիռ կայացվեց, բազմաքանակ ապացույցների եւ դրանց` գործին վերաբերելի լինելու համադրության վերլուծության արդյունքում ուրիշ դատավճիռ ուղղակի չէր կարող լինել»:
Կալանքի սկիզբը հաշվվելու է փետրվարի 9-ից: Դեռեւս պարզ չէ, թե Տեր-Պողոսյանը ՀՀ որ քրեակատարողական հիմնարկում է կրելու պատիժը:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս