Մերձավոր Արևելքում իրավիճակը լարված է․Իսրայելն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել Լիբանանի հարավում ու Սիրիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական բանակը սահմանափակ ցամաքային գործողություններ է սկսել Լիբանանի հարավի սահմանային շրջաններում։ Իրավիճակը երեկոյան ուշ ժամի լարվեց, ապա սկսվեց լայնամասշտաբ հրետակոծությունը։
Ըստ բանակի մամուլի ծառայության հաղորդագրության՝ թիրախները շիական «Հըզբոլլահ» կազմակերպության զինված կազմավորումների օբյեկտներն են։
Արաբական հեռուստաալիքները հայտնել են իսրայելական օդային հարվածների և հարակից տարածքների գնդակոծությունների մասին։ Բացի այդ, Իսրայելը օդային հարձակում է իրականացրել Սիրիայի վրա։

Իսրայելական բանակը գործում է այն ծրագրերի հիման վրա, որի իրականացմանը ծայրաստիճան զգուշավորությամբ ու պատասխանատվությամբ պատրաստվում էր վերջին ամիսներին։

Հրեական պետության բանակի հրետանին և տանկերը երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան ինտենսիվ հրետակոծել են Լիբանանի սահմանային շրջանները։

Լիբանանյան բանակի ստորաբաժանումները, ըստ Reuters-ի, դուրս են բերվել Իսրայելի հետ սահմանից հինգ կիլոմետր ներս՝ նրա զորքերի հնարավոր ներխուժման մասին լուրերի ֆոնին:

Իսրայելական կործանիչները ութ գրոհ են իրականացրել Լիբանանի մայրաքաղաքի վրա։ Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող Էլ Մրեյջ շրջանում ութ շենքերից բաղկացած բնակարանային համալիր է ավերվել։ Ուժեղ պայթյուններ են լսվել Ռուվեյս թաղամասում և Բուրջ ալ Բարաջնա փախստականների ճամբարում՝ Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայան տանող մայրուղու վրա։

Բեյրութի բնակիչները իսրայելական հրամանատարության կողմից նախապես ծանուցվել են օդային հարվածների մասին և կարողացել են հեռանալ վտանգավոր գոտուց մինչև ռմբակոծությունը սկսելը։ Իսրայելական կործանիչը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Սաիդա քաղաքի ծայրամասում գտնվող Այն ալ Հիլվե պաղեստինցի փախստականների մեծ ճամբարին: Զոհվել է տեղի հինգ բնակիչ։ Վիրավորվել է պաղեստինյան «Ֆաթհ» շարժման բարձրաստիճան հրամանատար Մունիր ալ-Մաքդան։

Սեպտեմբերի 30-ին «Հըզբոլլահի» զորքերը մեկ օրում 12 զինված հարձակում են իրականացրել։ Նրանք առաջին անգամ կիրառել են իրանական արտադրության Noor թևավոր հրթիռը, երբ գնդակոծել են ռազմական օբյեկտը Քֆար Գիլադի բնակավայրում։

«Ֆադի-1» և «Ֆադի-2» հրթիռները կիրառվել են Նովրայի բանակի բազայի և Հայֆա քաղաքից հյուսիս գտնվող ռազմական օբյեկտների վրա հարձակման ժամանակ:

«Հըզբոլլահի» կազմավորումները հրթիռակոծել են իսրայելական կիբուցներ Զարիթ, Նետուվա և Շտուլա Արևմտյան Գալիլեայում: Կեսգիշերից հետո 40 րոպեի ընթացքում արձակվել է 35 հրթիռ։

Շիա մարտիկները հայտնել են, որ հարվածներ են հասցրել Իսրայելի «Մերոն» ռազմաօդային բազայի վրա, որտեղ տեղակայված է օդային գործողությունների և էլեկտրոնային պատերազմի կառավարման կենտրոնը: Ըստ իսրայելական զինվորականների՝ Լիբանանից Մերոն լեռան ուղղությամբ մոտ 10 արկ է արձակվել, արկերի մի մասը որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը, մի քանի արկ էլ ընկել են բաց տարածքներում։ Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ի առավոտյան, իսրայելցի զինվորականները արձանագրել են Լիբանանից երեք հրթիռի արձակում, որոնցից երկուսը որսացել են, երրորդն ընկել է բաց տարածքում։

«Հըզբոլլահի» զինված ստորաբաժանումները գնդակոծել են Էլ Էդեյսա և Քֆար Կիլա գյուղերի մոտ սահմանային գծում հայտնված իսրայելցի զինվորների գիծը։

Եմենի հութի ապստամբները՝ «Անսար Ալլահ» շարժումից, այս գիշերը բալիստիկ հրթիռ են արձակել Թել Ավիվի ուղղությամբ։

Al Hadath հեռուստաալիքը պնդում է, որ հարձակման նպատակը եղել է ականավոր քաղաքական գործչի կամ ռազմական առաջնորդի սպանությունը, որի անունը չի հրապարակվում:

Իսրայելական անօդաչու թռչող սարքը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաքի արվարձան Դիմասին։ Խոցվել է էլիտար 4-րդ զրահատանկային դիվիզիայի թիրախներից մեկը, որի հրամանատարն է Սիրիայի նախագահի եղբայր, բրիգադային գեներալ Մահեր ալ-Ասադը։

Իսրայելը նախկինում մեղադրել էր Մահեր Ասադին շիա աշխարհազորային «Հըզբոլլահի» համար Սիրիայից Լիբանան իրանական զենքի տեղափոխմանը նպաստելու մեջ։

Նշենք՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ քննարկել է Լիբանանում տիրող իրավիճակը և հրեական պետության զինվորականների կողմից իրականացվող գործողությունները։ Նրանք պայմանավորվել են սահմանի երկայնքով հարձակողական ենթակառուցվածքները ոչնչացնելու անհրաժեշտության մասին, որպեսզի մերժեն լիբանանյան «Հըզբոլլահի» հնարավորությունը՝ հարձակում իրականացնելու հյուսիսային Իսրայելի բնակավայրերի վրա, ինչպես նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին եղավ Գազայից:




Լրահոս