Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«168 ժամ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանն, իհարկե, լավություն արեց նաև Սերժ Սարգսյանին՝ տարիներ շարունակ գիտակցված կամ պարտադրված իր վրա կրելով հանրային դժգոհության ողջ չափաբաժինը, թեև անձամբ գործուն մասնակցություն էր ունեցել դժգոհության առիթ հանդիսացած գրեթե բոլոր երևույթներում, ու սա այն պարագան չէ, որ նրան կարելի է համարել «քավության նոխազ»։

Բայց Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը, թերևս, իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է։ Ընդամենը 10 օր հետո իշխանության հետ միևնույն արժեքային համակարգը կրող, միևնույն արտաքին կենտրոններից ղեկավարվող կամ նրանց հետ «ճշտվող» բոլոր կամ գրեթե բոլոր ուժերը կլինեն միևնույն կաթսայում։ Բացառություն կարող է կազմել միայն ՀԱԿ-ը, որը տիտղոսային ընդդիմության կարգավիճակի դիմաց՝ զանազան զարտուղի ճանապարհներով կօգտվի կաթսայից, կամ, ինչպես ընդունված է ասել, իշխանական կերակրատաշտի այլընտրանքային ծորակից։

Սա եզակի հնարավորություն է հասարակության, քաղաքացիական ակտիվիստների, ռուսական քաղաքական դաշտից դուրս գտնվող թեկուզ փոքր քաղաքական ուժերի համար՝ իրական ամբողջական իշխանափոխություն իրականացնելու համար։ Դրա համար, թերևս, Տիգրան Սարգսյանին կարելի է անգամ շնորհակալություն հայտնել։ Տիգրան Սարգսյանը մի առիթով ասել էր, որ իրենք արտագաղթի դեմ չեն պայքարում, որպեսզի մարդիկ չմնան ու հեղափոխություն չանեն։

Իր պաշտոնավարման ընթացքում Տիգրան Սարգսյանը հասավ նրան, որ հեղափոխության փոխարեն Հայաստանում, ըստ էության, տեղի ունեցավ պալատական հեղաշրջում։ Ու ճակատագրի հեգնանքով կամ հանուն արդարության՝ ինքը դարձավ դրա զոհը»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս