Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման հարցը։
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել երկու պետությունների ղեկավարների միջեւ։
«Մենք խոսեցինք այն ամենի մասին, ինչը մեզ համար բացառիկ նշանակություն ունի, այն է՝ «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցությունը, բայց առաջին հերթին այն մասին, թե ինչպես կարելի է մինչև մայիսի 31-ը գազամատակարարման պայմանագիր կնքել և ինչպես լուծել Սերբիայի նավթարդյունաբերության հարցը՝ հաշվի առնելով այդ ձեռնարկության դեմ ամերիկյան պատժամիջոցները», – ասել է Սերբիայի նախագահը։
Ըստ Վուչիչի՝ Պուտինի հետ զրույցը լավ էր և բովանդակալից։
«Մենք խոսեցինք քաղաքական համագործակցության մասին, այն մասին, թե ինչպես է անհրաժեշտ, որպեսզի միջկառավարական հանձնաժողովները շարունակեն աշխատանքը մեր ապրանքաշրջանառության բարելավման և մեր տնտեսական համագործակցության հետագա զարգացման մասին»,- հավելել է նա։
Սերբիան ռուսական գազ է ստանում «Թուրքական հոսք» գազատարից բուլղարական գազատրանսպորտային համակարգով։ Հիմնական մատակարարը մնում է «Գազպրոմը»: Ջեռուցման այս սեզոնի համար կողմերը պայմանավորվել են մատակարարումների շուրջ օրական 6+2+3 մլն խմ բանաձևով՝ ըստ Սերբիայի իշխանությունների՝ «առավել բարենպաստ գնով՝ հաշվի առնելով նավթի բանաձևը»։
Ինչպես հայտարարել է Srbijagas-ի գործադիր տնօրեն Դուշան Բայատովիչը, նոր համաձայնագրով Բելգրադն ակնկալում է տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ ստանալ երեքից տասը տարի ժամկետով։

























































































