Armenian text to speach

ԱԱԾ նախկին պաշտոնյայի փեսան ազատ կարձակվի․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին ԱԱԾ նախկին պաշտոնյայի փեսա Տիգրան Փոլադյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված, շուրջ 1,5 տարի կալանքի տակ գտնվող դատավոր Տիգրան Փոլադյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Ամիրյանի նախագահությամբ, բավարարել է Տիգրան Փոլադյանի պաշտպանների բողոքը՝ Փոլադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով և գրավով՝ 10 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ Տիգրան Փոլադյանը կալանքի տակ էր 2023թ․ դեկտեմբերից։ Քրեական ործն այժմ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի վարույթում է։ Գործով մեղադրյալները հինգ են՝ Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը, սնանկության կառավարիչ Տիգրան Հարությունյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը, Գարեգին Մկրտչյանը, ԻԻՀ քաղաքացի Արաշ Նոսրափիալամդարին։ Դատավորը և սնանկության կառավարիչը կալանքի տակ են, մյուս մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը և գրավը։

ArmLur.am-ը նախկինում՝ դեռ 2024 թվականին գրել էր, որ իր տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը որոշել է դատավոր Տիգրան Փոլադյանի կալանքը 3 ամսով երկարաձգել։

Սահմանափակել մեղադրյալի՝ այլ անձանց հետ, բացառությամբ մերձավոր ազգականների, հաղորդակցվելու իրավունքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի դեմ հարուցված քրեական գործով։

Ըստ նախաքննական մարմնի՝ Տիգրան Ռոբերտի Փոլադյանը ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով, նշանակվելով ՀՀ սնանկության դատարանի դատավոր, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմքով արդարադատություն իրականացնելիս կրելով անկախ, անաչառ լինելու և միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործելու պարտականություն, դատական իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, կաշառք տվողների մատնանշած անձանց օգտին, իր իշխանական լիազորություններն օգտագործելով, գործողություն կատարելու համար Տիգրան Հարությունյանի օժանդակությամբ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Տիգրան Արամայիսի Հարությունյանը օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Կարապետ Մուրադի Գուլոյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Գարեգին Արմենի Մկրտչյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Արաշ Փարվիզի Նոսրաթիալամդարին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձ հանդիսացող՝ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանին, վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով, իր օգտին գործողություն կատարելու համար տվել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Բանն այն է, որ դատավորի կինը՝ Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը եւս անցնում է քրեական գործով: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ դատական իշխանության մարմնի պաշտոնատար անձի կողմից հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացմանն օժանդակելու, ինչպես նաեւ դատավոր Ա.Հ.-ի կողմից նույն չափերով հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու համար:

2022 թվականի նոյեմբերի 8-ին քրեական վարույթը՝ մեղադրական եզրակացությամբ, ստացվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու եւ վարույթի նյութերը դատարան հանձնելու միջնորդությամբ:

Նշենք, որ Անի Հարությունյանն Ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանի դուստրն է, հետախուզման մեջ գտնվող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու աղջիկը: Իսկ, ահա, Տիգրան Փոլադյանի եղբայրը Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Կարեն Փոլադյանն էր, որի գործունեության մասով 2021 թվականին գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարեւորագույն գործերով քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի ղեկավար կազմի գործողությունների մասով, իսկ այդ ժամանակ դեպարտամենտի ղեկավարը Կարեն Փոլադյանն էր:

Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ գործընթաց են սկսել Փոլադյանի եւ նրա ընտանիքի անդամների մասով, չի բացառվում՝ քաղաքական իշխանության հրահանգով:

Քնար Մանուկյան




Լրահոս