Armenian text to speach

Վաղը Ծաղկազարդն է. ո՞րն է օրվա խորհուրդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մեծ պահքը մոտենում է իր ավարտին և առջևում Ավագ շաբաթն է։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցիկ վաղը՝ կիրակի օրը, կնշի Ծաղկազարդը։ Տոնն ինչպես սիրելի է մեծերի, այնպես էլ փոքրիկների շրջանում։
ArmLur.am-ը ներկայացնում է օրվա կարևորության, իմաստի մասին։

Այսպիսով, ինչի՞ մասին է Ծաղկազարդը։

Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։

Մարդիկ որքան էլ մտահոգված և ծանրացած լինեն առօրյա խնդիրներով, միևնույն է, սրտի անսովոր ցնծությամբ են պատրաստվում այդ օրվան, քանզի աշխարհիկ հոգսերի և մեղքերի մեջ խեղդված հոգին, այնուամենայնիվ, զգում է Տիրոջ օրհնյալ ներկայությունը։
Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը, տասներկուսից ընտրված երկու աշակերտներին ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք» (Ղուկաս 19:30): Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ:

Երուսաղեմ մուտք գործելն ունի մեծ խորհուրդ․ այն է՝ մեր սրտերում թույլատրել Տիրոջ ներաբնակությունը, ապրել Նրա պատգամներով և արժանանալ Հավիտենական կյանքին:
Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` Իր հետ ունենալով աշակերտներին և մարդկանց, ովքեր ցնծությամբ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին՝ փառաբանում էին Տիրոջն ու ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն` բարձունքներում» (Մատթեոս 21:9):

Ընդունված է ասել նաև, որ Ծաղկազարդը երեխաների օրհնության օրն է նաև։ Այդ օրը ուռենու ճյուղերից հյուսվում է փոքրիկ պսակ։ Չնայած, որ բոլորը ուրախցել են Հիսուս Քրիստոսին դիմավորելիս, ըստ Ավետարանի՝ ամենից շատ ոգևորված են եղել մանուկները և կարևոր է, որ Ծաղկազարդի պատարագին մասնակից լինեն նաև երեխաները։

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ  Ծաղկազարդի տոնին նաև մանուկների օրհնության կարգ է կատարվում:

Նյութի սկզբնաղբյուրը՝ Qahana.am:

Աննա Սրապիոնյան




Լրահոս