ԹԱԼԱՆԱԾԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության վաշտի ավագի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բայց մինչ այդ այս տարվա նոյեմբերի 18-ին Ա.Գեւորգյանը պետությունից գողացած 1 մլն 894 հազար 800 դրամը վերադարձրել է:
Դատախազության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
«Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետախույզ-պահնորդական շնաբուծության բաժնի ոստիկանության վաշտի ավագ Ա.Գեւորգյանը 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողներին ամրակցված ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով կնքված պայմանագրերի հիման վրա առեւտրային կազմակերպություններից ստացել է 38.280 լիտր բենզին, իսկ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությունից` 7.830 լիտր բենզին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ա.Գեւորգյանը մուտքագրել, հաշվառել եւ կազմակերպել է վառելիքի բաշխումը, որի ընթացքում, պաշտոնական դիրքն օգտագործելով, հատուկ մատյանի լրացման կարգը խախտելով, կատարել է իրեն վստահված 1.894.800 դրամ ընդհանուր արժողությամբ գույքի` 5.020 լիտր բենզինի լիցքավորման կտրոնների յուրացում եւ 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դրանք իրացրել է: Բենզինի լիցքավորման կտրոնները տարբեր անձանց իրացնելու արդյունքում ստացած գումարները նա օգտագործել է անձնական կարիքների համար:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում կամ վատնում) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով»: Արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը եւս պետությունից գողացած գումարներն իր գրպանից վերադարձրել է: Իհարկե, այս երկու գործերի համեմատությունն այնքան էլ տեղին չէ, այնուամենայնիվ, Մարգարի գործով նախաքննությունը եւս շուտով կավարտվի, ու գործը կմտնի դատարան:

Ա.ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս