Armenian text to speach

ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ. ԱԶԱՏ ԳՅՈՒՂԻ ՀՐԴԵՀԻՑ ՇՈՒՐՋ 3 ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազատ գյուղի հրդեհի գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։

 

-Պարո՛ն Նորիկյան, հունվարին կլրանա Ազատ գյուղի հրդեհի գործով երրորդ տարին։ Այս գրեթե երեք տարվա ընթացքում ի՞նչ առաջընթաց կա վարույթով։ Մնում են մի շարք բաց հարցեր, մասնավորապես՝ ինչպես ստացվեց, որ զինծառայողները մահացան քնած վիճակում, եւ ինչպես է գնահատվում նրանց մահվան հանգամանքը։

-Եթե Հայաստանի իրավասու մարմինները՝ դատախազությունը, Քննչական կոմիտեն, ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայությունն ու մյուս պատկան կառույցները գործեին իրենց լիազորությունների շրջանակում, այսօր, ամենայն հավանականությամբ, նման հարց չէր առաջանա։ Ինձ համար ակնհայտ է, որ դեպքի վայրը խախտվել է, եւ ոչնչացվել են ռազմավարական նշանակության հետքեր։ Արդյունքում հնարավոր չէ հստակ պատասխանել՝ որտեղ է գտնվել զոհված զինծառայողների տեղակայման իրական վայրը։

Իհարկե, առանձին ներկայացուցիչներ  մինչդատական վարույթում իրենց տված ցուցմունքում նկարագրել են զոհված զինծառայողների գտնվելու վայրը, դիրքը, բայց ամեն դեպքում դա պետք է կատարվեր համապատասխան դատավարական ընթացակարգերով, որը խախտվել է, անհետացվել են մի շարք կարեւոր հետքեր:

Հենց այս հանգամանքներից էլ ձեւավորվեց հանրային վստահության ճգնաժամը։ Այս գործի շրջանակում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, որոնց ցուցմունքներում նկատվում են լուրջ հակասություններ՝ ոչ միայն մեկմեկու, այլեւ հենց իրենց նախորդ ցուցմունքների հետ համեմատած։ Արդյունքում՝ պատասխանների փոխարեն հարցերն ավելի են շատանում։

Խնդիրն, ըստ էության, պարզ է. տեղի է ունեցել աննախադեպ հանցագործություն, եւ դրա վերաբերյալ առաջին իսկ օրվանից ասել ենք՝ իրականացվել է փնթի նախաքննություն։ Այս արտահայտությամբ ես ոչ թե որեւէ անձի եմ վիրավորում, այլ խոսում եմ գործի նկատմամբ ընդհանուր մոտեցման մասին։ Մինչ օրս խորքային վերլուծության չեն ենթարկվել բոլոր հնարավոր վարկածները, անգամ չեն հերքվել՝ հասարակության ու տուժողների մոտ վստահություն ձեւավորելու համար։

-Պարո՛ն Նորիկյան, բացի բենզինի լցվելու վերաբերյալ իշխանության կողմից ներկայացված վարկածից, այլ վարկածներ քննվե՞լ են։

-Իրականում ընդամենը մեկ-երկու հարցում է արվել՝ առնչվող ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզելու, թե արդյոք եղել են հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձեր կամ պետական սահմանի հատման դեպքեր։ Այդքանով էլ, կարելի է ասել, սահմանափակվել է այլ վարկածների ուսումնասիրությունը։

Ես դեռ երկու տարի առաջ փակ նամակ եմ հղել ԱԱԾ տնօրենին՝ խնդրելով պարզել, թե արդյոք այս գործով առկա է որեւէ օտարերկրյա ազդեցության հետք կամ կապ որեւէ պետության հետ, ինչպես նաեւ կան արդյոք նման վարկածով մեղադրյալներ։ Ինձ պատասխանեցին, որ քննություն կիրականացվի, սակայն մինչ օրս տեղեկություն չկա՝ այն իրականում իրականացվե՞լ է, թե՞ ոչ։

Այս պահին քննությունը ընթանում է միայն պաշտոնական վարկածի շրջանակում։ Առջեւում կարեւոր փուլ է սպասվում՝ պետք է հարցաքննվեն փորձագետները, ապա՝ մեղադրյալները։ Ես որոշակի հույսեր ունեմ, որ նրանց հարցաքննությունը կարող է լույս սփռել գործի մի շարք մութ կետերի վրա։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

 

 




Լրահոս