«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի գործը, արդեն «հասնում» են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Ավելի վաղ «Ժողովուրդը» գրել էր, որ իրավապահները այցելել են նախարարություն եւ պահանջել մի շարք փաստաթղթեր։
«Ժողովուրդ» օրաթերթին այժմ հայտնի են դառնում նոր մանրամասներ։ Պարզվում է՝ խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ իր ընկերուհի, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի առաջարկով։
Ըստ պաշտոնական փաստաթղթերի, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում են հայտնվել, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի մարտի 31-ին ընդունել է թիվ 39 որոշումը, որով ռեկտորի գրավոր առաջարկությամբ հավանություն է տրվել բուհի համար «կողմնակի եկամուտ» ստանալու նպատակով 50 միլիոն ՀՀ դրամի չափով ավանդի ներդրմանը «Ամերիաբանկում» մեկ տարի ժամկետով։
«Կողմնակի եկամուտ» ձեւակերպումը տարակուսանք է առաջացրել իրավապահների մոտ, քանի որ բանկային ավանդների տոկոսները հիմնադրամի օրինական եկամտի աղբյուր են, ուստի չեն կարող համարվել «կողմնակի» եկամուտ: Բայց աղմկահարույցն այն է, որ օրինականության մասին ելույթներ ունեցող Ժաննա Անդրեասյանը, որը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անձամբ է ստորագրել այդ որոշումը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ձերբակալել է ռեկտոր Սրբուհի Գեւորգյանին եւ պրոռեկտորին։ Նրանք մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում եւ խարդախություն կատարելու, ինչպես նաեւ կաշառք ստանալու համար։ Սակայն մինչ այս պահը Հակակոռուպցիոն կոմիտեն չի հայտնել, թե բուհի համար 50 միլիոն դրամի ավանդ ներդնելու վերաբերյալ մարտ ամսին կայացված որոշումը արդյոք կապվա՞ծ է ռեկտորին առաջադրված մեղադրանքների հետ, թե՞ ոչ:
Այս իրավիճակի ֆոնին ուշագրավ է, որ նույն ՔՊ իշխանությունը ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեց այն դեպքում, երբ որեւէ փաստաթղթի տակ նա չէր ստորագրել, իսկ, ահա, նախարարի ստորագրությունը առայժմ որեւէ իրավական հետեւանք չի առաջացրել, եւ անհասկանալի է մնում մեկ հարց. ռեկտորը եւ նախարարը իրականում ինչո՞ւ են բուհի միջոցները բանկ դրել ու եկամուտ գեներացրել:
Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը՝ ՔՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով, լուրջ ռիսկեր է պարունակում. ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի: Օրինակները տասնյակից ավելի են:
«Ժողովուրդ» օրաթերթը կազմել է ՀՀ-ի համայնքների այն ղեկավարների ցանկը, որոնք ՔՊ-ական չեն եւ ձերբակալվել ու կալանավորվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից:
– 06.07.2021-ին ձերբակալվեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը. նա «Հայաստան» դաշինքի վստահված անձն էր Գորիսում:
– 07.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:
– 08.07.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
– 22.04.2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը:
– 17. 07. 2021-ին ձերբակալվեց եւ կալանավորվեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
– 06 10. 2021-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
– 05.12.2023-ին Ալավերդու ավագանին, ոստիկանության աշխատակիցներով պաշարված շենքում, անվստահություն հայտնեց «Ապրելու երկրի» ներկայացուցիչ Արկադի Թամազյանին, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ալավերդի համայնքի ավագանու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։
– 20.10.2025-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը:
– 23. 09.2025-ին իր տան բակում սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը:
– 28.10.2025-ին կալանավորվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը:
– 29.10.2025-ին՝ երեկ, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի պաշտոնավարումը կասեցվեց։ Նրա վերաբերյալ քրեական վարույթն առնչվում է աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը. Բալասյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք։
Անշուշտ, կան համայնքների ղեկավարներ, որ դեռ շարունակում են պաշտոնավարել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություններ, որ շուտով բոլոր այն համայնքների ղեկավարները, որոնք չեն դարձել ՔՊ-ական կամ «հավատարմության երդում» չեն տվել, որեւէ պատճառով կհեռացվեն պաշտոններից` ընդհուպ կալանավորվելու գնով:
Այսօր ՀՀ Կառավարությունը կհաստատի «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին նախագիծը։ Սա ՔՊ-ի նախընտրական հերթական PR նախագիծն է: Իհարկե, գործադիրը հղում է անում ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրին, որով նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Բայց իրականում նախընտրական տարվան շեմին ՔՊ-ն որոշել է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով այն 18-ամիս: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Այսինքն՝ 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած զինվորները կծառայեն մեկուկես տարի: Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ՔՊ-ն փակ հանդիպում էր ունեցել, որից հետո ինչպես ակնհայտ դարձավ, Կառավարությունը հրատապ կերպով հավանություն կտա նախագծին։ Թե ծրագրային ինչ ենթատեքստ ունի այս նախագիծը, հայտնի չէ, ինչ հաշվարկ է կատարվել՝ պարզ չէ, միայն հայտնի է, որ ՔՊ-ն քաղաքական որոշում է կայացրել բանակի ժամկետը կրճատել: Մասնագետներն ահազանգում են, որ այս քայլը հանգեցնելու է լուրջ խնդիրների:
315 հազար դրամանոց շամպայն, 225 հազար դրամանոց կոնյակ` պետության հաշվին
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է փաստաթղթերը եւ պարզել, որ 2024 թվականին՝ միայն մեկ տարվա ընթացքում, «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ՀՀ Ազգային ժողովից ստացել է 6 մլն 825 հազար 945 ՀՀ դրամ՝ «հանրային սննդի կազմակերպում» անվան տակ։ Ում են հյուրասիրել, կերակրել՝ պարզ չէ փաստաթղթերից:
«Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկված ապրանքագրերի եւ վճարումների ուսումնասիրությամբ նկատեց տարբեր չափերի վճարումներ՝ 10 հազար դրամից սկսած, մինչեւ «միլիոնից ավելի միանվագ վճարում»: Էկրանակադրերը՝ ստորեւ:
Փաստաթղթերում չեն երեւում, թե ում են ԱԺ-ում կամ Երեմյաններին պատկանող ռեստորաններում հյուրասիրել՝ «հանրային սննդի կազմակերպման» ենթատեքստով. հաշիվ ապրանքագրերից չի երեւում, թե կոնկրետ որ պատվիրակությունների կամ պաշտոնական միջոցառումների համար կոնկրետ ինչ ծառայություն է մատուցվել։
Մեկ այլ փաստաթղթի ուսումնասիրությամբ նկատելի է, որ 2024 թվականի համար «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ Ազգային ժողովը կնքել է 5 մլն դրամ արժողությամբ պայմանագիր։ https://armlur.am/1341110/
Ընկերության կողմից, որպես լիազոր անձ, հանդես է եկել Ալեքսանդր Գասպարյանը:
Ծառայություններում, ըստ պայմանագրում տեղ գտած բնութագրի, Երեմյաններին պատկանող, օրինակ, «Լիվինգսթոն», «Պանդոկ Երեւան», «Պանդոկ Երեւան Գետափին», «Լավաշ», «Կազան Նոստրա», «Շերեփ» եւ այլ վայրերում, ուր, ի դեպ, շատ դեպքերում ծնունդների, կնունքների, ատամհատիկների կողքին պաշտոնական պատվիրակություններ են ընդունվել, ճոխ հյուրասիրություն է կազմակերպվել:
Մասնավորապես՝ պատվիրակություններին հյուրասիրելու համար փաստաթղթերում նախատեսված է 78 հազար դրամ արժողությամբ սեւ ձկնկիթ, բրենդի Erebuni 50 եւ 70 տարեկան, որոնց արժեքը համապատասխանաբար 115 հազար եւ 250 հազար դրամ է։ Պատվիրակությունների համար նախատեսված է եղել նաեւ 315 հազար դրամ արժողությամբ Don Perignon Limited շամպայնը։ Հետաքրքիրն այն է, որ այս շամպայնի 0,75 մլ Don Perignon Vintage տարբերակը սուպերմարկետներում արժե 130 հազար դրամ, իսկ Don Perignon Vintage Rose 0,75 մլ-ն արժե 225 հազար դրամ։
Նկատենք, որ պայմանագրի գնման ընթացակարգը կատարվել է մեկ անձից սկզբունքով, եւ այլ ընկերության շանս չի տրվել կատարելու այս ծառայությունը, ինչը խոսում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին:
Մինչդեռ, մամուլում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը, որը ԱԺ աշխատակազմի ղեկավարն է, այս օրերին բյուջեի հաշվետվությունների ժամանակ արագ կարդում էր թվեր. սակայն նրա գործունեության թափանցիկությունն ու արդյունավետ ծախսերը խիստ հարցական են` դատելով մեր ուսումնասիրած փաստաթղթերի ցանկից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, https://armlur.am/1463361/ օրինակ, ԱԺ բակի՝ 100 հազար դոլարից ավելի արժեցած սրճարանի կառուցման ողջ ընթացքը ուղեկցված է կոռուպցիոն կասկածներով, քանի որ մի քանի անգամ սալիկներ են «տեղադրվել» նույն հատվածում, երեք անգամ էլ գույք է գնվել` սեղան աթոռ, սակայն միայն մեկ տեսակն է տեղադրված սրճարանում: Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, ոչինչ չի գտնում այս գործի ուսումնասիրությամբ:























