Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով ընթացող շինծու դատավարությունը մտել է ավարտական փուլ։ Ադրբեջանական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ հայ գերիները այդ կեղծ դատավարություններին այս օրերին հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Առաջինը եզրափակիչ ելույթով հանդես էր եկել Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Դեկտեմբերի 22-ին իր եզրափակիչ ելույթն է շարունակել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։ Բաբայանը չի ընդունել իրեն և մյուսներին առաջադրվող մեղադրանքները։ «Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում որևէ հոդվածով»,- հայտարարել է Բաբայանը։
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը։ Նա ցանկություն է հայտնել հանդես գալ ռուսերենով։
Լյովա Մնացականյանը նշել է, որ 1992 թվականին զորակոչվել է զինվորական ծառայության և, ելնելով իր սպայական կոչումից, նշանակվել է գումարտակի հրամանատարի տեղակալ։ Նա նաև անդրադարձել է Բաքվի այն մեղադրանքին, թե իբրև պատերազմում վարձկաններ են եղել հայկական կողմից։ «Նրանք բոլորը կամավորներ էին․ նրանք չեն հավաքագրվել և պատերազմին մասնակցելու համար վարձատրություն չեն ստացել»,- ասել է Մնացականյանը։
Գեներալ Մնացականյանն անդրադարձել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմին, նշել, որ ինքն այդ ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար է եղել, նա նաև հերքել է մեղադրող կողմի և, այսպես կոչված, տուժողների այն պնդումները, թե ապրիլյան մարտերի ժամանակ հայկական կողմն է հարձակվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Նշենք, որ այս օրերին ավարտական փուլ է մտել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությունը, որի գործը քննվում է առանձին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազը ցմահ ազատազրկում է պահանջել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներից 6-ի նկատմամբ։ Նրանք են՝ Արցախի 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար ու գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը։
Արցախի 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի և 3-րդ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ դատախազը պահանջել է 16-20 տարվա ազատազրկում։ Հաջորդ դատական նիստը նշանակված է այսօր՝ դեկտեմբերի 23-ին։
Հիշեցնենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդառվել է 2023 թվականին՝ Արցախի հայաթափման ժամանակ։ Բաքուն պաշտոնապես հաստատել է 23 հայ գերու մասին, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներով, Բաքվում պատանդառված են շուրջ 80 հայ գերիներ։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























