Իրան–ԱՄՆ–Իսրայել հակամարտությունը մտել է 17-րդ օրը։ Երկուշաբթի օրը Իսրայելը հայտարարել է, որ սկսել է նոր հարվածների ալիք Թեհրանի ուղղությամբ։
Միաժամանակ լարվածությունը տարածվել է նաև Պարսից ծոցի տարածաշրջանում․ մի շարք երկրներ հայտնել են անօդաչու սարքերի հարձակումների և դրանց խոցման մասին։
Ի՞նչ է տեղի ունեցել վերջին 24 ժամում
Իրանում
Իսրայելը հայտարարել է, որ իրականացրել է նոր օդային հարվածներ Թեհրանում։ Իրանական Mehr News Agency գործակալությունը հաղորդել է, որ Իրանը պատասխանել է «թշնամական թիրախներին երկնքում»։
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ վերջին իսրայելական հարվածների հետևանքով վնասվել են իրենց մեկ բուժկետ և մարդասիրական օգնության կենտրոն։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը չի խնդրել հրադադար և չի դիմել բանակցությունների։ Նրա խոսքով՝ Իրանը պատրաստ է պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինին ասել է, որ կորպուսի զինանոցը հիմնականում պահպանվել է, իսկ պատերազմում կիրառվող հրթիռները ավելի վաղ արտադրության են։
Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունները ձերբակալել են 18 մարդու, որոնց մեղադրում են Iran International հեռուստաալիքի հետ համագործակցության մեջ։
Վերջին տվյալներով՝ Իրանում զոհերի թիվը հասել է 1444-ի, իսկ վիրավորներինը՝ 18,551-ի։
Պարսից ծոցի տարածաշրջանում
Դուբայում անօդաչու սարքի հետ կապված միջադեպից հետո հրդեհ է բռնկվել օդանավակայանի հարևանությամբ, ինչի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել են թռիչքները Դուբայի միջազգային օդանավակայանում։ Ավելի ուշ թռիչքները մասամբ վերականգնվել են։
Ֆուջեյրաում ևս արդյունաբերական գոտում հրդեհ է բռնկվել անօդաչու սարքի հարվածից հետո։ Իսկ Աբու Դաբիում հրթիռը հարվածել է ավտոմեքենայի, ինչի հետևանքով զոհվել է պաղեստինցի բնակիչ։
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ երկուշաբթի օրը երկրի արևելքում խոցել է 37 անօդաչու սարք։ Նմանատիպ միջադեպերի մասին հաղորդել են նաև Բահրեյնը, Քուվեյթը և Քատարը։
Միևնույն ժամանակ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը և ԱՄԷ նախագահ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։
ԱՄՆ–ում
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Իրանի անօդաչու սարքերի արտադրական օբյեկտներին։ Նրա խոսքով՝ Իրանի ռազմական հնարավորությունները զգալիորեն թուլացել են։
Թրամփը նաև մեղադրել է Իրանին արհեստական բանականության միջոցով ապատեղեկատվություն տարածելու մեջ, պնդելով, թե Թեհրանը փորձում է կեղծ պատկերներ ներկայացնել պատերազմի արդյունքների մասին։
Իսրայելում
Իրանից արձակված հրթիռի պատճառով օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական հատվածում, սակայն հրթիռը ընկել է բաց տարածքում և զոհեր չեն եղել։ Ավելի ուշ ազդանշաններ են հնչել նաև երկրի հարավում։
Իրաքում, Լիբանանում և Հորդանանում
Իրաքում ավիահարված է հասցվել Իրանամետ «Ժողովրդական զորահավաքի ուժերի» (PMF) շտաբին՝ Ջուրզ ալ-Սախար շրջանում, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։
Իրաքի հակաօդային պաշտպանությունը նաև արձագանքել է անօդաչու սարքերին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունի և Բալադ ավիաբազայի մոտ։
Լիբանանում Իսրայելը շարունակել է հարվածները երկրի հարավում և հայտարարել է Հըզբոլլահի դեմ սահմանափակ ցամաքային գործողությունների մասին։ Զոհերի թիվը Լիբանանում հասել է 850-ի, որոնցից ավելի քան 100-ը երեխաներ են։
Միաժամանակ UNIFIL խաղաղապահ առաքելությունը հայտնել է, որ ոչ պետական զինված խմբերը կրակ են բացել իրենց երեք պարեկային խմբերի ուղղությամբ։
Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի




























