Armenian text to speach

ՔՊ-ական Հայկ Սարգսյանը նոր նախագիծ է ԱԺ «բերել». ինչ է առաջարկում տաքսի ծառայությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նրան, որ հայրենի խորհրդարանում ամեն բան անում են, որպեսզի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծերը մերժեն, հակառակ դրան նա նոր նախագիծ է «բերել»:

ArmLur.am պարզեց, որ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել, կապված «ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին։
Նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել «էլեկտրոնային հարթակ» հասկացությունը և սահմանել, որ նման հարթակներով իրականացվող ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների դեպքում միջնորդավճարները չեն կարող գերազանցել ծառայության արժեքի 10 տոկոսը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին շուկան կտրուկ փոխվել է, և պատվերների հիմնական մասը կատարվում է բջջային հավելվածներով, ինչի արդյունքում այդ հարթակները դարձել են շուկա մուտք գործելու հիմնական գործիք և զգալի ազդեցություն ունեն վարորդների եկամուտների վրա։ Գործնականում ձևավորվել է իրավիճակ, երբ միջնորդավճարները հաճախ հասնում են 20–30 տոկոսի, ինչը հանգեցնում է վարորդների մաքուր եկամուտների նվազմանը և շուկայում անհավասարակշռության։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման բարձր միջնորդավճարները պարտադիր չեն․ մի շարք հարթակներում դրանք կազմում են 5–15 տոկոս, իսկ որոշ դեպքերում կիրառվում են նույնիսկ 0 տոկոս սակագներ՝ շուկա մուտք գործելու փուլում։ Միաժամանակ միջազգային կառույցները, այդ թվում՝ OECD-ն, կարևորում են ոլորտի կարգավորումը՝ արդար մրցակցության և աշխատանքային պայմանների ապահովման համար։

Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով ոլորտը Հայաստանում ունի մեծ ծավալներ․ 2024 թվականին շրջանառությունը կազմել է շուրջ 36.1 միլիարդ դրամ, իսկ 2025 թվականին՝ արդեն 121.6 միլիարդ դրամ՝ աճելով շուրջ 3.4 անգամ։ Նույն ժամանակահատվածում պետական տուրքի չափը կազմել է համապատասխանաբար մոտ 652.8 միլիոն և 3.7 միլիարդ դրամ, այսինքն՝ մոտ 4–5 տոկոս, մինչդեռ հարթակների միջնորդավճարները մի քանի անգամ ավելի բարձր են։

Նախագծով առաջարկվող 10 տոկոս սահմանը նպատակ ունի պահպանել հավասարակշռություն՝ թույլ տալով հարթակներին ստանալ զգալի եկամուտներ, բայց միաժամանակ պաշտպանելով վարորդների շահերը և կանխելով անհամաչափ բարձր վճարների կիրառումը։

Նախագծի ամբողջական առաջարկվող փոփոխությունը հետևյալն է․

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 4-րդ հոդվածում «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունը սահմանող պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«էլեկտրոնային հարթակ՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, փոխադրման պատվերների ընդունման եւ փոխանցման տեղեկատվական հարթակ.»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7.1-ին մասով.
«7.1. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել ուղեւորափոխադրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը չորորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել ուղեւորափոխադրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:»:
Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2-րդ մասով.
«2. Էլեկտրոնային հարթակով բեռնափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից գանձվող բոլոր վճարների ընդհանուր չափը չի կարող գերազանցել բեռնափոխադրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս