Armenian text to speach

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը։ Այն պայմանավորված է գնաճի պայմաններում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին շուկայական գներից մատչելի գներով պարարտանյութեր ձեռք բերելու համար աջակցության ցուցաբերման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակը՝ բուսաբուծության ճյուղում տնտեսավարողների կողմից գործունեություն իրականացնելու համար բավարար պայմանների ապահովումն է, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորության ստեղծումն է: Ծրագիրը կիրականացվի 2026 թվականին։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։ Առաջարկվում է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորում՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը։ Ծրագրի շրջանակում շահառուների առնվազն 20 տոկոսի փաստաթղթերի ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի մարզպետի աշխատակազմի կողմից։ Որոշման ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2026 թ․ համար կկազմի շուրջ 900 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան շուկայական գներից առավել ցածր գներով ձեռք բերելու պարարտանյութեր, կապահովվի ցանքատարածությունների պարարտացումը, պարարտանյութերի նորմավորված չափաքանակների օգտագործման պայմաններում՝ կբարձրանա բերքատվությունը և հողերի բերրիությունը։

Անդրադառնալով ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Այս թանկացումները կապված են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հետ։ Ուրախալի է, որ Մերձավոր Արևելքում իրադրությունն էական դրական զարգացումներ ունի, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի մասով»։

Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է շուկայի մշտադիտարկման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ գնաճային ռիսկերը վերահսկելու համար․ «Շատ կարևոր եմ համարում, որ մենք ճիշտ մոնիթորինգ անենք շուկան, որովհետև, ցավոք, երբեմն մեզ մոտ լինում են դրսևորումներ, երբ ճգնաժամերն առաջանում են, գնաճն արձանագրվում է, բայց երբ ճգնաժամերը հանգուցալուծվում են, գները այդքան էլ հաճույքով չեն վերադառնում իրենց նախկին մակարդակին։ Եվ այս առումով կարծում եմ՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը լավ կլինի, որ մոնիթորինգ իրականացնի»։

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ մոնիթորինգը նախապես իրականացվել է, թվերը, մասնավորապես` պարարտանյութերի մասով, ներկայացվել են Էկոնոմիկայի նախարարություն։ «Մենք ոչ միայն պարարտանյութի, այլև դիզելի, բենզինի շուկան ենք անընդհատ մոնիթորինգի ենթարկում։ Այս պահին կարելի է ասել, որ ՀՀ-ում գների բարձրացումը տնտեսապես համահունչ է, եթե նայենք Եվրոպական երկրներում նույնպես դիզելի և բենզինի գներն էական բարձրացել են։ Եվ ես հուսով եմ, որ Հորմուզի նեղուցի խնդիրի լուծումը շուտափույթ կլինի և գների դինամիկան հակառակ էֆեկտ կունենա», -ասել է Գեղամ Գևորգյանը։




Լրահոս