Armenian text to speach

Ինչպես են իրավապահները փորձում գտնել ավանակին ներկած և զեբր դարձրած անձին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ մարմինները սկսել են ստուգողական աշխատանքներ՝ պարզելու համար, թե ով է ավանակի տերը, որը նրան ներկել է զոլերով՝ զեբրի տեսք հաղորդելով և բաց թողել Մյասնիկյան պողոտայում։ Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ ուսումնասիրվում են նաև տարածքի տեսախցիկների արձանագրությունները՝ ավանակի տիրոջը հայտնաբերելու նպատակով։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանի կենդանաբանական այգուց զեբր է փախել, հրապարակելով նաև տեսանյութ։ Սակայն ավելի ուշ պաշտոնական պարզաբանումներ են հնչել, որոնք հերքել են այդ տեղեկությունը։

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը հայտնել է, որ կենդանաբանական այգուց որևէ զեբր չի փախել կամ դուրս եկել։ Նրա խոսքով՝ տարածված տեսանյութում իրականում երևում է ոչ թե զեբր, այլ ավանակ, որը ներկվել է զոլերով և դուրս բերվել Մյասնիկյան պողոտա։

Փոխքաղաքապետի տեղեկացմամբ՝ քաղաքացին, որի ինքնությունը ներկայումս պարզում են իրավապահները, կենդանուն ներկել է և օգտագործել տեսանյութ նկարահանելու համար։

«Կենդանաբանական այգու զեբրերը գտնվում են իրենց ազատավանդակներում և ապահով են»,- նշել է նա։

Երևանի կենդանաբանական այգին ևս անդրադարձել է դեպքին՝ ընդգծելով, որ կենդանիների նման ներկումը և շահագործումը հակասում է կենդանիների բարեկեցության սկզբունքներին։ Այգուց նաև նշել են, որ քիմիական ներկերը կարող են վնասել կենդանիների առողջությանը և առաջացնել լուրջ հետևանքներ։

 




Լրահոս