2025 թվականի ապրիլի 14-ին, ժամը 16:15-ին, Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել։ «Ձախ ծնկահոդի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Հրաչյա Ստեփանի Հախվերդյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ Հրաչյա Ստեփանի Հախվերդյանին Ռոստովյան փողոցի 13-րդ հասցեի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Արման Ախոյանը, որին սպանության փորձի համար մեղադրանք էր առաջադրվել, և խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։
Սակայն վիրավորում ստացած անձն ու նրա մտերիմ շրջապատը գոհ չեն մնացել ՀՀ իրավապահ համակարգի գործողություններից և, չսպասելով քննության վերջնական որոշմանը, գնացել են իրենց սպանել ցանկացող անձի՝ Արման Ախոյանի հետ հաշիվ մաքրելու։ Արդյունքում ամիսներ անց գնացել են Արման Ախոյանի տուն՝ նրան սպանելու։
Տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը և կրակել պատշգամբ հասած ու իր տան ուղղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, մահացել էր։
Եվ ահա երկու անձանց միջև փոխհրաձգության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործը ուղարկվել է դատարան։
Արման Խաչատուրի Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք բերված և կրած մարտական փամփուշտներով լիցքավորված հրազենի գործադրմամբ Հրաչյա Հախվերդյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս։
Հրաչյա Ստեփանի Հախվերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարդու կամքին հակառակ և նրա կամքը անտեսելով՝ նրա բնակարան ապօրինի մուտք գործելով, ապօրինի կերպով ձեռք բերված և կրած մարտական փամփուշտներով լիցքավորված հրազենի գործադրմամբ մի խումբ անձանց հետ փորձել է ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել Արման Ախոյանին։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․




















































































