Եվրոպական հանձնաժողովը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում մայիսի 4-5-ը կայանալիք Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում նշվում է, որ ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 4-5-ը, Երևանում՝ հավելելով, որ սա նշանակալի առաջընթաց է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում՝ վերահաստատելով Եվրոպական Միության ամուր հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանության, դիմադրողականության և բարեփոխումների օրակարգին։
Գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում գրանցված առաջընթացը և կամրապնդեն համագործակցությունը, մասնավորապես՝ տնտեսության, կապակցվածության և անվտանգության ոլորտներում։ Նրանք նաև կքննարկեն Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերը։ Օրակարգում կլինեն նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում։
Գագաթնաժողովի արդյունքներով կտրվի ԵՄ-ՀՀ գործընկերության մեկնարկը կապակցվածության ոլորտում, որը կներառի տրանսպորտի, էներգետիկայի, թվային, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ուղղություններով համագործակցությունը՝ կապակցվածության և տրանսպորտի վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսություններով։ Նշվում է, որ դա կլրացվի Հայաստանում ԵՄ մասնավոր ներդրումները մոբիլիզացնելու նախաձեռնություններով։
«Երկու կողմերն էլ կոնկրետ քայլեր կձեռնարկեն անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը խորացնելու համար, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ նոր գործընկերային առաքելության ստեղծման միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի ներքին գործերի նախարարության և Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության միջև (FRONTEX) միջև աշխատանքային համաձայնագիր կստորագրվի։
«ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովը ի ցույց է դնում ԵՄ-Հայաստան համագործակցության իրական օգուտները և Հարավային Կովկասում խաղաղությունն ու բարգավաճումը խթանելու ԵՄ հանձնառությունը։
Գագաթնաժողովից հետո սպասվում է առաջնորդների համատեղ մամուլի ասուլիս»,- ասված է հաղորդագրության մեջ։

























































































