Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու նոր առաջարկ են ներկայացրել բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Պակիստանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին։
Լրատվամիջոցն առանց առաջարկի բովանդակությունը ներկայացնելու նշում է, որ ըստ իրանական դիվանագիտական աղբյուրի՝ այդ երկրի կառավարությունն ապրիլի 30-ին նոր առաջարկ է ներկայացրել Պակիստանում գտնվող միջնորդներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունների մեկնելը ժամանակատար և թանկ է, ուստի նա կնախընտրեր հեռախոսային շփումները։ Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իրենից և մի քանի այլ անձանցից բացի որևէ մեկը տեղեկացված չէ Իրանի հետ բանակցությունների իրական կարգավիճակի մասին։
Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին մայիսի 1-ին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսության, բայց այն իմաստ ունի շարունակել միայն ռացիոնալ դիրքերից։





























