Armenian text to speach

Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը խորանում է․ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Քեշմ կղզուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած դիվանագիտական ջանքերի ակտիվացմանը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելը դեռ հեռու է։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ նշելով, որ միջնորդները փորձում են կրճատել Թեհրանի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունները։

Իրավիճակն առավել լարվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն գիշերը հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ հարվածների թիրախում եղել են ՀՕՊ հրթիռները, որոնք, ըստ Վաշինգտոնի, օգտագործվել են ամերիկյան օբյեկտների դեմ։ Մեկ այլ պաշտոնյա նշել է, որ հարվածները սահմանափակ բնույթ են կրել և չեն նշանակում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսում։

Միևնույն ժամանակ, Կատարն ակտիվացրել է միջնորդական ջանքերը՝ փորձելով կանխել հակամարտության նոր սրումը։ Կատարի միջնորդները երկուշաբթի երեկոյան մեկնել են Թեհրան՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի նախագծի տարբերակը, որը բանակցությունների սեղանին է արդեն ութ օր։

Իրանի պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը չի ընդունի Վաշինգտոնի «չափազանցված պահանջները»։ Նա նաև ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման համար պետք է կատարվեն Իրանի պայմանները։ Նրա խոսքով՝ միջուկային բանակցությունները կարող են սկսվել միայն այդ պայմանների կատարումից հետո։

Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մաջեդ ալ-Անսարին երեքշաբթի հայտնել է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Իրանը շարունակում են հավատարիմ մնալ միջնորդական գործընթացին և ուսումնասիրում են միջնորդների ներկայացրած առաջարկները։ Նրա խոսքով՝ Կատարի պատվիրակությունն արդեն վերադարձել է Դոհա, սակայն բանակցությունները շարունակվում են։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հայտարարել է, որ այժմ հաջորդ քայլը պետք է կատարի Վաշինգտոնը։ Նրա խոսքով՝ Թեհրանն արդեն ներկայացրել է իր «ուժեղ և ողջամիտ պատասխանը»։

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին հայտարարել է, որ Իրանը թարմացնում է իր թիրախների ցանկը՝ ներառելով ամերիկյան և իսրայելական նյութական ու ոչ նյութական օբյեկտները։ Նա զգուշացրել է, որ ցանկացած սպառնալիքի դեպքում Իրանը պատասխան կտա անմիջապես՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։

Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և երկու Lucas անօդաչու սարք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, սակայն, երկուշաբթի կասկածի տակ է դրել Իրանի դեմ ռազմական հարվածները վերսկսելու հնարավորությունը՝ նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո։ Լրագրողների հարցին՝ արդյոք դիտարկում է ընտրություններից հետո Իրանի վրա հարձակվելու տարբերակը, Թրամփը պատասխանել է՝ «Ոչ»։ Նա նաև նշել է, որ կարծում է՝ Թեհրանը ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնության հասնել, և որ նման պայմանավորվածությունը կարող է կայանալ։

Զուգահեռաբար շարունակվում են նաև Իրանի և տարածաշրջանի երկրների միջև դիվանագիտական շփումները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հետ բանակցությունները շարունակվում են՝ տարածաշրջանային անվտանգության նոր պայմանավորվածություններ մշակելու նպատակով, որոնք չեն ենթադրի օտարերկրյա ռազմական միջամտություն։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել էին Թեհրանում իրանցի պաշտոնյաների հետ։ Սա երեք երկրների և Իրանի միջև օգոստոսից ի վեր առաջին բարձր մակարդակի շփումն էր։

Reuters-ի փոխանցմամբ՝ տարածաշրջանի երկրները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է նոյեմբերի 3-ի միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս