ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում Իրանի հետ համաձայնագիր կնքել՝ չնայած Թեհրանի՝ պայմանավորվածության հասնելու պատրաստակամությանը։ Հայտարարությունը հնչել է այն տեղեկությունների ֆոնին, որ ԱՄՆ զինված ուժերը քննարկում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
Թրամփի խոսքով՝ Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆն աշխատում է հնարավոր համաձայնագրի ուղղությամբ։ Միաժամանակ, ըստ Axios-ի, ռազմական գործողությունների վերսկսումը կարող է ներառել Իրանի էներգետիկ, ենթակառուցվածքային և միջուկային օբյեկտների զանգվածային ռմբակոծություն։
ԱՄՆ նախագահի վարկանիշը նվազել է՝ վառելիքի գների աճի և կենսապահովման ծախսերի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Մինչդեռ Իրանի արտաքին գործերի նախարարությունը բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը վերագրում է ամերիկյան կողմին՝ մատնանշելով Վաշինգտոնի պաշտոնյաների հակասական հայտարարությունները։




























