«Սոտբիսն» աճուրդի է հանել Նապոլեոնի կնոջ նամակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Սոտբիս» աճուրդում վաճառքի են հանվելու Նապոլեոնի մարշալ և մտերիմ ընկեր Լուի Ալեքսանդր Բերտյեի փաստաթղթերը, զենքը, ընտանեկան գրառումները, դիմանկարները, գրքերը և անձնական նամակագրությունը: Այս հավաքածուում առանձին տեղ են զբաղեցնում Նապոլեոնի կնոջ` Ժոզեֆինայի նամակները. հայտնում է BBC-ն:

Բարձր գնահատելով Բերտյեի նվիրվածությունը կայսրին՝ Ժոզեֆինան 1806-ին նրան նամակ է գրում՝ խնդրելով զերծ պահել ամուսնուն ավելորդ վտանգից: Նամակը գրված է սագի փետուրով՝ հենց Ժոզեֆինայի ձեռքով, շքեղ թղթի վրա, որի վրա պատկերված նկարներն արծաթապատ են: Ժոզեֆինան միշտ էլ հայտնի է եղել իր արքայական շռայլությամբ:

Այս նամակի ուղարկումից մի քանի շաբաթ անց Նապոլեոնի սիրուհին` Էլեոնորա Դենուելը, նրանից արու զավակ է ունենում, և կայսրը, հասկանալով իր ամուսնական կյանքում զավակ չունենալու պատճառը, բաժանվում է Ժոզեֆինայից: Ժոզեֆինան ծանր է տանում բաժանությունը, իսկ 1841-ին Մալմազոնի զբոսայգում զբոսնելիս նա մրսում է և մահանում թոքաբորբից: Ժոզեֆինայի մահվան պահին Փարիզում կանգնած էր ռուսական զորքը, և թաղման արարողության համար պատվո պահակախումբ է հատկացնում ռուսաստանյան ցար Ալեքսանդր Առաջինը:

Նապոլեոնը մահացել է Սուրբ Հեղինե կղզում 1821-ին: Նրա վերջին բառերն են եղել. «Ֆրանսիա, բանակ, բանակի հրամանատար, Ժոզեֆինա…»: Բերտյեի ժառանգությունը գնահատվում է մի քանի միլիոն եվրո, թեև հասկանալի է, որ գնելու են ոչ այնքան իրերը, որքան դրանց պատմական արժեքը:




Լրահոս