Ապրիլի 30-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը՝ ժամը 1-ին, Հրանտ Վարդանյան փողոցի հասցեներից մեկի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։
Նույն օրը հաղորդում էր ստացվել նաև Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում։ Հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը՝ ժամը 4․50-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայի հասցեներից մեկի մոտ երկու երիտասարդ փորձել էին կողոպտել իրեն, սակայն հանդիպելով դիմադրության՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել։
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին կողոպուտի վերաբերյալ հաջորդ հաղորդումը ստացվել էր մայիսի 5-ին․ 19-ամյա երիտասարդը հայտնել էր, որ ապրիլի 28-ին Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի մոտ երկու երիտասարդ բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսը՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս։
Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված հանցագործությունները կատարել են Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 17 և 19 տարեկան երկու երիտասարդ։ Նրանք մայիսի 5-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Շենգավիթի բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։
Նախաքննությունը շարունակվում է։




























