Տավուշում նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ոչ միայն կուսակցական շտաբներում, այլև պաշտոնական աշխատասենյակներից դուրս՝ արձակուրդների միջոցով։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 49-րդ համարն է, մայիսի 8-ից մինչև հունիսի 5-ը արձակուրդում է։ Պաշտոնական հիմնավորումը մեկն է՝ զբաղվել նախընտրական քարոզչությամբ։
Սակայն միայն թեկնածուները չեն հեռանում աշխատավայրից։ Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը պատգամավորության թեկնածու չէ, բայց նա ևս արձակուրդ է ձևակերպել՝ նույն նպատակով՝ մասնակցել քարոզարշավին։
Մայիսի 8-ից արձակուրդ է մեկնել նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարն է և արդեն բացահայտ հայտարարել է իր քաղաքական առաջնահերթությունը։ Ֆեյսբուքում դիմելով դիլիջանցիներին՝ գրել է․ «Այդ օրերին գտնվելու եմ արձակուրդում՝ քարոզարշավին ակտիվ մասնակցելու և իմ աջակցությունը հայտնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։
Այսպիսով, Տավուշում արձակուրդը վերածվել է քաղաքական գործիքի։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 26-ին։ Նույն տարվա հոկտեմբերի 17-ին, համայնքի ավագանու ընտրություններից հետո, ընտրվել է համայնքի ղեկավար։
Ուշագրավ է, որ 2026 թվականի աշնանը Դիլիջան համայնքում նախատեսված են ավագանու հերթական ընտրություններ։ Իսկ մինչ այդ համայնքի ղեկավարը, փաստորեն, վարչական առօրյայից ժամանակավորապես անցել է քաղաքական ճակատ։
Ոսկան Սարգսյան





























