Եվրամիությունում քննարկվում է Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Կիրիլի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ Հունգարիան, ըստ աղբյուրների, ազդանշան է տվել, որ պատրաստ է այլևս չարգելափակել այդ որոշումը։
Euronews-ի տեղեկություններով՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները այս շաբաթ քննարկելու են «փոքր» պատժամիջոցային փաթեթ, որը կարող է ներառել մոտ տասը անձանց և մի քանի ռուսական նավերի ցուցակ։
Աղբյուրների համաձայն՝ այդ ցուցակում ներառված են նախկինում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության կողմից պաշտպանված անձինք։ Նրանց թվում կարող է լինել նաև պատրիարք Կիրիլը, ում ԵՄ-ն արդեն 2022 թվականին փորձել էր ներառել սանկցիաների ցուցակում՝ նրան մեղադրելով Ուկրաինայի պատերազմի աջակցման և քարոզչության տարածման մեջ, սակայն Հունգարիան այն ժամանակ արգելափակել էր որոշումը՝ այն ներկայացնելով որպես կրոնական ազատության հարց։
Նոր քաղաքական իրավիճակում, ըստ աղբյուրների, Բուդապեշտը պատրաստ է փոխել իր դիրքորոշումը։ ԵՄ-ն հույս ունի, որ Վիկտոր Օրբանին փոխարինած Պետեր Մագյարը ավելի քիչ կօգտագործի վետոյի մեխանիզմը և չի խոչընդոտի միասնական որոշումներին։
Միևնույն ժամանակ, Հունգարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտոն Հաջդուն հայտարարել է, որ իրենք դեմ են այնպիսի պատժամիջոցների, որոնք կարող են վնասել Հունգարիայի տնտեսական կայունությանը, սակայն չեն բացառվում այն դեպքերը, երբ նախկին իշխանությունները օգտագործել են վետոն՝ քաղաքական նպատակներով։
ԵՄ շրջանակներում քննարկվում է նաև ռուսական «ստվերային նավատորմի» դեմ նոր քայլերի իրականացումը։ Այդ նավերը, ըստ արևմտյան երկրների, օգտագործվում են պատժամիջոցները շրջանցելու համար՝ մասնավորապես նավթի արտահանման ոլորտում։
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ավելի արագ և փուլային կերպով սահմանել սահմանափակումներ՝ առանց երկար սպասելու մեծ պատժամիջոցային փաթեթների հաստատմանը։
Նոր նախաձեռնության շրջանակում ԵՄ դեսպանները առաջին քննարկումը կունենան այս շաբաթ, իսկ վերջնական որոշումը նախատեսվում է ընդունել հունիսի 15-ին կայանալիք Արտաքին գործերի խորհրդում։
Անի Վարդանյան






























