Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք համապետական ընտրությունների նկատմամբ միջազգային հետաքրքրությունն օրեցօր մեծանում է։
ՀՀ-ում սպասվող քաղաքական գործընթացներին ուշադիր հետևում են թե՛ հարևան Թուրքիան և Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանն ու արևմտյան կենտրոնները։
Ադրբեջանական կողմից վերջին շրջանում հնչել են հայտարարություններ, որոնց հիմնական շեշտադրումն այն է, որ Հայաստանում իշխանության չպետք է գան «ռևանշիստական տրամաբանություն» կրող քաղաքական ուժեր։ Բացի այդ, Բաքուն բացահայտ աջակցություն է հայտնել ՀՀ գործող իշխանություններին՝ դա կապելով տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ։
Հայաստանում սպասվող ընտրությունները ուշադրության կենտրոնում են նաև Եվրոպական միության համար։ Վերջին ամիսներին եվրոպացի պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցերի, ինչպես նաև Երևանում հնչեցված քաղաքական գնահատականների համատեքստում փորձագետները չեն բացառում, որ եվրոպական շրջանակները ևս ավելի դրական վերաբերմունք ունեն գործող իշխանությունների նկատմամբ։
Հայաստանի ներքաղաքական զարգացումների նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ռուսաստանը։ Վերջին շրջանում ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններում հաճախ կարելի է նկատել ակնարկներ, որոնք հայ հասարակությանը կոչ են անում զգոն և սթափ գնահատել ստեղծված իրավիճակը՝ նախքան ընտրություն կատարելը։
Այդ հայտարարություններից վերջինը հնչել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Sergey Shoigu-ի կողմից։ Նա նշել է, որ 20-րդ դարի վերջին տարիներին Ռուսաստանի գործադրած ջանքերի շնորհիվ Հայաստանին հաջողվել է պահպանել իր ինքնիշխանությունը։
ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում Շոյգուն ընդգծել է նաև, որ Մոսկվայի աջակցությունը կարևոր դեր է ունեցել Հայաստանը էներգետիկ շրջափակումից դուրս բերելու հարցում։
Ռուսաստանցի պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է հայ և ռուս ժողովուրդների միջև ձևավորված դարավոր հարաբերությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդներին միավորում են ինչպես պատմական բարեկամությունը, այնպես էլ օտար նվաճողների դեմ մղված համատեղ պայքարի փորձը։
Նրա խոսքով՝ հենց այդ պատմական կապերն ու ձևավորված ավանդույթներն են հիմք հանդիսացել երկկողմ հարաբերությունների համար, որոնք կարևոր դեր են խաղացել նաև Հայաստանի նորագույն պատմության ամենաբարդ փուլերում։
Նանիկ Աղասյան


























































































