Armenian text to speach

Թրամփը Լեհաստան կուղարկի լրացուցիչ 5000 ամերիկացի զինծառայող․ ինչու՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ 5000 զինծառայող կուղարկի Լեհաստան՝ դա պայմանավորելով Լեհաստանի նոր նախագահ Կարոլ Նավրոցկու ընտրությամբ։

Թրամփը Truth Social սոցիալական հարթակում գրել է, որ հպարտ է եղել աջակցել Նավրոցկու թեկնածությանը և նշել, որ ԱՄՆ-Լեհաստան հարաբերությունների շրջանակում որոշվել է մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունը երկրում։

Հայտարարությունը հնչել է այն բանից ընդամենը երկու օր անց, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրագրողներին հայտնել էր, որ Լեհաստան ամերիկյան ուժերի նախատեսված տեղակայումը հետաձգվել է։

Վերջին ամիսներին ԱՄՆ-ը վերանայում է Եվրոպայում իր ռազմական ներկայությունը, և շրջանառվում էին տեղեկություններ, թե Թրամփի վարչակազմը կարող է կրճատել եվրոպական մայրցամաքում տեղակայված ամերիկյան զորքերի թիվը։

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ շնորհակալություն հայտնելով «բարեկամության» համար և ընդգծելով, որ շարունակելու է պաշտպանել լեհ-ամերիկյան դաշինքը, որը, նրա խոսքով, կարևոր անվտանգության երաշխիք է ինչպես Լեհաստանի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար։

Լեհաստանի պաշտպանության նախարար և փոխվարչապետ Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը ևս հայտարարել է, որ Թրամփի որոշումը վկայում է լեհ-ամերիկյան հարաբերությունների ամրության մասին՝ Լեհաստանին անվանելով ԱՄՆ-ի «երկաթյա դաշնակից»։

Միևնույն ժամանակ, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նշել է, որ Վարշավան փորձում է ազդել ամերիկյան գործընկերների որոշումների վրա և ընդգծել է, որ ամերիկյան զորքերի ներկայությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Լեհաստանի, այլև Եվրոպայի և գլոբալ անվտանգության համար։

Ներկայումս Լեհաստանում տեղակայված է մոտ 10 հազար ամերիկացի զինծառայող։

Անի Վարդանյան




Լրահոս