Ինչ վիճակում է Արփա-Սևան թունելը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով հասարակության լայն խավերի, զանգվածային լրատվամիջոցների և հասարակական ու բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների ուշադրությունը Սևանա լճի հիմնախնդիրների հանդեպ, ինչպես նաև դրա հետ անմիջական կապ ունեցող Արփա-Սևան թունելով Սևանա լիճ տեղափոխվող ջրաքանակի հետ` ներկայացնում ենք «Արփա-Սևան» թունելի առկա տեխնիկական վիճակի և կատարված աշխատանքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն:

«Արփա-Սևան» թունելը կառուցվել է 1963-1981թթ.` Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով: Թունելի ընդհանուր երկարությունը 48,3 կմ է, որի առանձին հատվածներ գտնվում են խիստ վթարավտանգ իրավիճակներում և անհապաղ վերականգնման կարիք ունեն: Հաշվի առնելով նշվածը` ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում է «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածներում վերականգնողական շինարարական աշխատանքների ծրագիր: 2009-2010թթ. կազմվել են թունելի անհապաղ վերականգնողական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ անցել են կրկնակի միջազգային փորձաքննություն:

Անցկացված մրցույթի արդյունքում՝ 2010 թվականի օգոստոսի 13-ին հաղթող կազմակերպության հետ կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր, համաձայն որի նախատեսվում է 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի դեկտեմբեր ամիսն իրականացնել 11798546320 դրամի վերականգնողական շինարարական աշխատանքներ՝ թունելի առավել վթարային առանձին հատվածներում, որոնք բաշխված են թիվ 2 թունելի շուրջ 17 կմ երկարության վրա: Մրցույթի արդյունքները հաստատվել են ՀՀ կառավարության 26.08.2010թ. N 1074-Ա որոշմամբ: Նշված գումարի սահմաններում պետք է իրականացվեն հետևյալ աշխատանքները` վտանգավոր հատվածներում նոր ժամանակավոր ամրակապերի տեղադրում` 854.51 տն, երեսարկի կառուցում` 1735.2 գծ.մ, հատակի կառուցում` 1725.2 գծ.մ, ցեմենտային լցամղում և ստուգիչ լցամղում` 27918.8 քմ: 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իրականացվել են շուրջ 7,866 մլրդ վերականգնման շինարարական աշխատանքներ (որը կազմում է ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 66,7 %-ը), այդ թվում` վտանգավոր հատվածներում նոր ժամանակավոր ամրակապերի տեղադրում` 492.55 տն, երեսարկի կառուցում` 1386.7 գծ.մ, հատակի կառուցում` 999.1 գծ.մ, ցեմենտային լցամղում և ստուգիչ լցամղում` 20390.38 քմ:

Համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխերով՝ տարվա մեջ 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում շինարարական աշխատանքները դադարեցվում են և թունելով ջուր է տեղափոխվում դեպի Սևանա լիճ:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է թունելի՝ տեխնիկական վիճակից կախված թողունակությունը 13,5 մ³/վրկ-ից հասցնել շուրջ 20 մ³/վրկ, որը հնարավորություն կտա տարեկան Սևանա լիճ տեղափոխել շուրջ 270 մլն մ³ ջրաքանակ:

2010-2014թթ. ընթացքում «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 մլն մ³ ջուր: 2014 թվականի ապրիլի 28-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.35 մ, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավել է 5 սմ-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ջրային պետական կոմիտեից:




Լրահոս