Աշոտյանը` լրագրողներին. «Ծյունինգ մի՛ արեք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԺ նախագահի պաշտոնում ընտրված Գալուստ Սահակյանի մասին, ասաց, որ վստահության պաշար, իհարկե, պետք է լինի՝ նման պաշտոններում ընտրվելու համար:

«Ես տեսնում եմ` հանրային աջակցությունը եղել է որոշիչ թե´ Աբրահամյանի, թե´ Սահակյանի նշանակման համար: Թեև եղել է որոշակի քննադատություն, բայց մեր անկախության շրջանում չի եղել մի պաշտոնյա, ում չքննադատեն»,- ասաց ԿԳ նախարարը:

Ինչո՞ւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չի  մասնակցում ՀՀԿ ԳՄ-ի նիստերին:

«Ինչքան գիտեմ` Տիգրան Սարգսյանը Հայաստանում չէ, բայց նա մասնակցում է  նիստերին»,-  պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:

Ինչո՞ւ երեկ ԲՀԿ-ն ԱԺ-ում քվեարկեց ՀՀԿ-ի թեկնածու Գալուստ Սահակյանի օգտին, արդյոք դա չի՞ ցույց տալիս, որ ԲՀԿ-ն իշխանության կողքին է:

«Դե Նիկոլ Փաշինյանն էլ է երեկ քվեարկությանը մասնակցել, հիմա նա՞ էլ է իշխանություն»,- հարցին հարցով պատասխանեց  Աշոտյանը:

«Բայց  Նիկոլ Փաշինյանը  քվեարկել է Հրանտ Բագրատյանի օգտին»,- հակադարձեցին լրագրողները:

Ի պատասխան՝ Աշոտյանն ասաց, որ ինքը բարձր է  գնահատում Փաշինյանի մասնակցությունը. «Քառյակի» նախնական հայտարարություններն այն էին, որ նրանք չպետք է մասնակցեին: Ժողովո՛ւրդ, «ծյունինգ» մի՛ արեք այն հայտարարությունները, որոնք ես շատ լավ լսել եմ: Ես ողջունում եմ թե´ ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչների, թե´ ՕԵԿ-ի, թե´ Փաշինյանի մասնակցությունը քվեարկությանը»:

Լրատվամիջոցները պարոն Աշոտյանին հիշեցրին Գալուստ Սահակյանի նշված հայտարարությունը. «Պարզ է, որ ԲՀԿ-ն մերն է»: Փաստորեն, երեկվա քվեարկությունը դա հաստատեց. «Գալուստ Սահակյանն այդ արտահայտությունն արել է՝ ելնելով այն բանից, որ մենք բոլոր քաղաքական ուժերին, անկախ իրենց քաղաքական հայացքներից, դիտում ենք մերը, որովհետև մենք էլ ենք մերը, Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը, մենք էլ` իրենցն ենք: Ախոյան-բարեկամ բաժանումը շատ արհեստական է»:




Լրահոս